Կարմիր հրապարակի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի՝ առաջին անգամ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի Կարմիր հրապարակում ռազմական տեխնիկայի շարասյուներ և զինվորական կուրսանտներ չեն լինի։
Նման լուրեր ավելի վաղ տարածվել էին ոչ պաշտոնապես։
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ շքերթը կրճատվել է «գործող օպերատիվ իրավիճակի պատճառով»։
«Հետևակային շարասյան կազմում շքերթին կմասնակցեն զինված ուժերի բոլոր ճյուղերի և առանձին տեսակների բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների զինծառայողները», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ, ըստ նախարարության, «զինվորական տեխնիկայի շարասյունն» այս տարի շքերթին չի մասնակցի։
«Պատճառը ներկայիս օպերատիվ իրավիճակն է», – նշված է Ռուսաստանի ՊՆ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ «Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական դպրոցների և կուրսանտների կորպուսի սաները չեն մասնակցի» Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին։
2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր առաջին անգամ է, որ ռազմական տեխնիկան չի մասնակցի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին։
Այնուամենայնիվ, ըստ հայտարարության՝ շքերթի ավիացիոն մասը կկայանա։
Վերջին տարիներին շքերթի ավիացիոն մասը պարբերաբար չեղարկվել է վատ եղանակի պատճառով։



