Բաժիններ՝

Հեղեղատար համակարգերի մաքրումն ու արդիականացումը «Վեոլիա ջրի» պարտավորությունը չէ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված վարձակալության պայմանագրով, չունի խոշոր կապիտալ ներդրումների պարտավորություն անձրևների սեզոնին փողոցների հեղեղման հարցը հիմնովին լուծելու համար, այն դրված է վարձատուի՝ Ջրային կոմիտեի վրա:

Այս մասին Sputnik Արմենիային հարցմանն ի պատասխան հայտնել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։

Օրեր առաջ հորդառատ անձրևներից հետո հերթական անգամ Երևանի փողոցները հեղեղվեցին։ Պարզաբանման համար Sputnik Արմենիան դիմել էր Երևանի քաղաքապետարան, որտեղից էլ ուղղորդել էին դիմել «Վեոլիա Ջուր»։

Ընկերությունից պարզաբանել են, որ իրենց հիմնական գործառույթներից մեկը վարձակալության պայմանագրով իրենց հանձնված բնակավայրերի՝ անձրևաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է։ Նշվում է, որ ընկերության կողմից «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներում» հեղեղատար համակարգի մաքրման համար գումար հատկացված չէ։

«Սակայն ընկերությունը, վարձակալված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի շահագործման և պահպանման համար նախատեսված ծախսերի շրջանակներում, ողջ տարին համակարգը մաքրում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաև վերանորոգում, ինչի շնորհիվ՝ անձրևատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին»,– նշվում է ընկերության պատասխանում։

Միևնույն ժամանակ, ընկերությունում չեն հերքում, որ համակարգն ունի շատ թերություններ։ Մասնավորապես` ոչ բոլոր փողոցներն ունեն անձրևատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունում կարծում են, որ հեղեղումների հիմնական պատճառը այն է, որ Երևանի բուռն կառուցապատումը չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։

«Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է։ Արդյունքում աձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը»,– նշված է պատասխանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930