Պատերազմից մոտ 6 տարի անց քանի՞ անձ է մեղավոր ճանաչվել դասալքության, ծառայության վայրը լքելու և պարտականություններից հրաժարվելու համար

Երեկ գրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության վերաբերյալ «թարմ» տվյալներ չունի:

Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազության տվյալներում վերջին մեկ տարում որևէ բան է փոխվել: Ապրիլի 1-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ ստանալու այս հարցերի պատասխանը.

1. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, դասալքության քանի՞ դեպք է եղել, այսինքն, քանի՞ հոգու նկատմամբ քանի՞ գործ է հարուցվել, ի՞նչ փուլում են այդ գործերը, քանիսի՞ մասով կան դատական վճիռներ:

2. 44-օրյա պատերազմում դասալիքներից քանի՞սն են եղել կանոնավոր զորքից, քանի՞սը՝ պահեստազորից, կամավորականներից:

Կարդացեք նաև

3. ԱԱԾ-ից և Ոստիկանությունից 44-օրյա պատերազմի ընթացքում դասալքության դեպքեր եղե՞լ են և քանի՞ դեպք:

Այս հարցադրումներին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունն իր պատասխան գրության մեջ նշում է.

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թ. ապրիլի 1-ի առաջին կետի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ Քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված) 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ 10.687 անձի նկատմամբ: 486 քրեական գործ 655 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Մեղադրական դատավճիռ է կայացվել 410 անձի վերաբերյալ:

Հարցման 2-րդ և 3-րդ կետերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ առանձին հաշվառում չի իրականացվում»:

Իսկ 2025 թվականի հունիսին ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել էր այս տվյալները.

«ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների համակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ մինչդատական վարույթում քննություն է իրականացվում 8240 անձանց վերաբերյալ: 

Նշված հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարած 352 անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ»:

Հավելենք, որ նույն ժամանակում ՀՀ քննչական կոմիտեն մեզ հայտնել է, որ 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում 11.000 և ավելի զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է 1500 քրեական վարույթ: Նույն պատկերը եղել է նաև 2025 թվականին:

Եվ եթե անգամ դատախազության տվյալներում վերջին մեկ տարում որոշակի փոփոխություն կա, ամեն դեպքում, 2020 թվականի պատերազմից մոտ 6 տարի անց չկա դատարանով հաստատված 11.000 և ավելի անձի դասալքության փաստ:

Ավելին, համապատասխան մարմինները խուսափում են հստակ պնդումներ անել, թե դասալքության քանի՞ դեպք է եղել կանոնավոր բանակի զինծառայողների շրջանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930