Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Սեուլը դա որակել է «սադրանք»
Հյուսիսային Կորեան ապրիլի 8-ին մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինվորականներին։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հայտնաբերել է հրթիռներ, որոնք ապրիլի 8-ին ժամը մոտավորապես 08:50-ին արձակվել են երկրի հյուսիսային Վոնսան շրջանից։
«Մեր զինվորականները պահպանում են բարձր պատրաստվածություն՝ միևնույն ժամանակ ամերիկյան և ճապոնական կողմերի հետ սերտորեն փոխանակելով հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ տեղեկատվություն՝ լրացուցիչ արձակումների ուժեղացված մոնիթորինգի ֆոնին», – նշվել է հայտարարության մեջ։
Ըստ հարավկորեացի զինվորականների՝ հրթիռներն անցել են շուրջ 240 կմ։ Սա այս տարի ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արդեն չորրորդ արձակումն է։
Ապրիլի 8-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին հաղորդագրություններից հետո Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմին առընթեր Ազգային անվտանգության վարչությունն անցկացրել է արտակարգ նիստ։
Yonhap-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության և զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պաշտոնական անձինք։
Նրանք հայտարարել են, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը «սադրիչ գործողություն» է, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, և կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։
Ազգային անվտանգության վարչությունը նաև հանձնարարել է համապատասխան մարմիններին բարձրացնել Հարավային Կորեայի ռազմական պատրաստվածությունը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը։



