Էստոնիայում հայտնել են, որ օտարերկրյա ԱԹՍ-ն բախվել է էլեկտրակայանի
Էստոնիայի իրավապահները հայտնել են, որ օտարերկրյա անօդաչու թռչող սարքը բախվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Օվերի էլեկտրակայանի ծխնելույզի խողովակին։ Այս մասին հաղորդում է Delfi պարբերականը։
Ըստ իրավապահների՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին, գիշերը ժամը 3:43-ին։ Տուժածներ չկան, էլեկտրակայանն էական վնասներ չի կրել, միջադեպը չի ազդել էներգահամակարգի վիճակի վրա։
Հրապարակման համաձայն՝ անօդաչու թռչող սարքը Էստոնիայի օդային տարածք է մտել Ռուսաստանի օդային տարածքից։
«Ըստ առկա տեղեկատվության՝ ԱԹՍ-ն չի արձակվել Էստոնիայի վրա։ Այժմ ընթանում են նախնական գործողություններ, հետաքննությունը կպարզաբանի ճշգրիտ հանգամանքները», – հայտարարել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասին։
Մարտի 25-ին ավելի վաղ Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի տարածքից Լատվիայի օդային տարածք է մտել անօդաչու թռչող սարք։ Դրա բեկորները հայտնաբերվել են երկրի հարավ-արևելքում գտնվող Կրասլավա քաղաքի շրջանում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ։ Ոչ ոք չի տուժել։
Լույս մարտի 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ռուսաստանի Լենինգրադի մարզին և Բալթիկ ծովի Ուստ-Լուգա նավահանգստին։
Իսկ մարտի 23-ին Լիտվայի իշխանություններն էին հայտնել ԱԹՍ-ի կողմից երկրի օդային տարածքի խախտման մասին։ Բեկորներն ընկել են Լավիսաս լճի սառույցի վրա՝ Լիտվա-Բելառուս սահմանից ոչ հեռու։ Լիտվայի իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ ԱԹՍ-ն ուկրաինական է և նախատեսված է եղել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։



