Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում արած հայտարարություններին և հարցադրում արել՝ «հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե իշխանության դատավճիռ»։
Նա գրել է. «Գյումրիում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի է ունենալու «Հեղափոխություն 3»։ Նրա մեկնաբանությամբ՝ 2018 թվականի ընտրություններով տեղի ունեցավ ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններով ժողովուրդը հաստատեց սոցիալ-հոգեբանական և մտածողության փոփոխությունը, իսկ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները պետք է դառնան պատմաքաղաքական հեղափոխություն, որը Հայաստանը կբերի «գոյատևման քաղաքականությունից» դեպի «զարգացման հարատև պետության» փուլ։
Միաժամանակ Փաշինյանն իր թիմի համար սահմանել է նաև կոնկրետ քաղաքական նպատակ՝ 65 տոկոսի արդյունքի նշաձող։
Եթե վերջին տարիների քաղաքական գործընթացները դիտարկենք ոչ թե իշխանության ներկայացրած նարատիվով, այլ դրանց իրական հետևանքների տրամաբանությամբ, ապա պատկերը էականորեն փոխվում է։
2018 թ-ի իշխանափոխությունը ավարտվեց Հայաստանի համար ամենածանր անվտանգային ճգնաժամով՝ 44-օրյա պատերազմով և դրա հետևանքով արձանագրված ծանր պարտությամբ։ 2021 թ-ի արտահերթ ընտրություններում նույն իշխանության վերարտադրությունը տեղի ունեցավ արդեն պատերազմից հետո և հանգեցրեց Արցախի կորստին։
Այս տրամաբանության շարունակության դեպքում 2026 թ-ի ընտրություններում կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը:
Հատկանշական է նաև Փաշինյանի կողմից հրապարակային հնչեցված 65 տոկոսի նշաձողը։ Նման բարձր արդյունքի մասին հայտարարությունները հաճախ կիրառվում են որպես քարոզչական տեխնոլոգիա՝ սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու և «անխուսափելի հաղթանակի» մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Սակայն ներկայումս հրապարակված որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն չի հուշում, որ գործող իշխանությունը կարող է ստանալ նման արդյունք, առավել ևս՝ 65 տոկոս։
Այս պայմաններում նման թվի հրապարակային շրջանառությունը կարող է ընկալվել որպես նախապես ձևակերպված քաղաքական պատվեր, որը հետագայում փորձ է արվելու ներկայացնել որպես ընտրությունների արդյունք։
Առաջիկա ընտրությունների իրական ինտրիգը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ կարևոր գործոնով՝ ընտրողների մասնակցությամբ։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը առավել արդյունավետ է գործում հատկապես ցածր մասնակցության պայմաններում։ Մինչդեռ բարձր մասնակցությունը նվազեցնում է այդ ազդեցությունը և ավելի մեծ դեր է տալիս քաղաքացիների իրական ընտրությանը։
Եթե հունիսի 7-ին ընտրատեղամասեր գնա ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտրող կամ ընտրողների շուրջ 55 տոկոսը, ապա ընտրությունների արդյունքը մեծապես կախված կլինի ոչ թե իշխանության վարչական լծակներից, այլ հասարակության իրական քաղաքական որոշումից։
Այդ դեպքում հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր։
Ընտրությունների իրական ինտրիգն այն է, թե քանի քաղաքացի կհասնի ընտրատեղամաս և կարտահայտի իր քաղաքական կամքը։
Եվ հենց այդ ընտրությունն է որոշելու՝ հունիսի 7-ը լինելու է «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե՞ իշխանության դատավճիռ»։




