Կա՞ որևէ մեկը, որ հրաժարվի Արցախից… Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, Ալիևի հայտարարություններն էլ մի փորփրեք. Միքայելյան
ԵԿՄ անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ, մարտի 5-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրան ուղեկցում էր ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։
Ավելի ուշ լրագրողները Սասուն Միքայելյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է՝ առանց Արցախի, առանց հպարտության, ինչին նա արձագանքել է.
«Բնական է, որ ոչ բոլորիս երազած Հայաստանն է սա, բայց դուք մեղավորներին հարցրեք։ Մենք՝ Սպարապետի գլխավորությամբ, մեր գործը փայլուն կատարել ենք, ազատագրել ենք մեր տարածքները։ Հետագայում քաղաքական դաշտում պետք է այդ ամեն ինչը կարգավորվեր, պետք է հզորանայինք, նախորդ նախագահները գիտակցում էին, որ բանակցային փուլով ոչ մի հարց չի լուծվի, պետք է, եթե ոչ՝ թշնամուն հավասար, գոնե պիտի զինվեինք, որ կարողանայինք պաշտպանվել:
Դուք հարցրեք նրանց, թե էս հողը ո՞նց տվեցին, հենց նախորդ իշխանությունները։ Դա հենց Հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր, որը տեղի է ունեցել նախորդ իշխանությունների օրոք: Եվ էդ «ուչաստկովիի» գործը, որ պիտի բացահայտվեր, մինչև այսօր չի բացահայտվել։ Մենք՝ երկրապահներս, պահանջատեր ենք, որ «27»-ի գործը բացահայտվի»:
Հակադարձմանը՝ կան կարծիքներ, որ մեղավորներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է, ով պարբերաբար հայտարարում է, որ սխալվել է, երբ ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Դուք նրան հարցրե՞լ եք՝ ինչո՞ւ է Արցախը համարում Ադրբեջան, Սասուն Միքայելյանը պատասխանել է.
«Այս տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել, որ լուռումունջ ու հանգիստ իմ ծսռայությունն եմ տանում «Երկրապահի» հետ՝ ՀՀ պետական սահմանին, որովհետև այսօրվա իրավիճակով մենք ոչ կարանք ամպագոռգոռ բառեր ասենք՝ էս կվերցնենք, էն կվերցնենք, մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները՝ մինչև գնանք խաղաղության, մինչև նաև պայմանագիր, գնանք սահմանազատման, որ էս մի կտոր հողը կարողանանք պահել: Մեր կռվող տղերքի ցավը ոչ ոք չի կարա տանի, մենք հաղթանակած բանակի զինվոր ենք, բայց էսօր էս կարգավիճակն է: Դուք տեսնո՞ւմ եք՝ մեր շուրջն ինչ է կատարվում, էսօր մենք պիտի խելոք լինենք, կարգապահ լինենք, համախմբված լինենք, որ կարողանանք էս վիճակից դուրս գանք: Էսօր ունենք էն, ինչ ունենք, մենք էս պահենք, հետո պարզ կլինի՝ ինչ պիտի լինի։ Ոչ մեկը չգիտի՝ վաղվա օրն ինչ է լինելու»:
Հարցին՝ այսինքն, գաղափարական մասով հրաժարվե՞նք, ԵԿՄ վարչության նախագահն ի պատասխան՝ նշել է.
«Կա՞ որևէ մեկը, որ հրաժարվի Արցախից, իմիտացիոն հարցեր մի տվեք: Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, որ այսօր այս պահին մեր երկրում խաղաղություն է։ Պատկերացրեք, որ եթե արտաքին քաղաքականությունը նորմալ չվարվեր, հիմա ինչ վիճակում կլիներ Հայաստանի Հանրապետությունը՝ իր աշխարհագրական դիրքով, էլ չմանրանամ»:
Սասուն Միքայելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հրապարակած արբանյակային լուսանկարներին, քարտեզներին և պնդումներին, որ Վարդենիսում 2025 թվականին նոր ներխուժումներ են եղել, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։
«Դա հեքիաթ է: Մեր մի գումարտակն այդ ուղղությամբ է կանգնած, նման բան չի եղել»,- շեշտել է նա:
Իսկ այն, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ խաղաղության վերջնական ստորագրման պայման է ՀՀ սահմանադրության փոփոխությունը և տարածքային պահանջների բացառումը, ԵԿՄ վարչության նախագահը նկատել է, թե Ալիևն ամեն անգամ մի բան է ասում՝ մեկ ասում է, թե պայմանագիրը կստորագրեն կամ համարենք ստորագրված է, մեկ էլ հետո ուրիշ բան է ասում:
«Մենք պիտի խելոք լինենք, ամեն հարց չպիտի պրպտենք, մտնենք ու փորփրենք, քանդենք, այլ հանգիստ ու զուսպ պիտի կարողանանք առաջ գնալ հիմա»,- ասել է նա:



