Ամեն ինչ կարող էր վատ լինել, եթե վերջին խոսքն Աստծունը չլիներ. իրենց վերաբերմունքը հակաեկեղեցական է, հակաաստվածային ու հակամարդկային. Տեր Նշան
Օրերս ԱԺ-ում Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ Իզմիրլյան ԲԿ-ում գտնվող Միքայել սրբազանին թույլ չեն տալիս մասնակցել Պատարագի։ Այնուհետև մամուլը գրեց, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոնում ԲԿ-ի հոգևոր սպասավորի կողմից մատուցելիք Սուրբ Պատարագի ընթաքում չեն թույլատրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ստանալ Սուրբ Հաղորդություն»։
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Նշան քահանա Պանֆյորովը չգիտի, թե այս ամենով ինչ նպատակ են հետապնդում իշխանությունները, սակայն պնդում է՝ անկախ ամեն ինչից՝ լինի սրբազան թե մեկ այլ անձ, պետք է ստանա սուրբ հաղորդությունը, որը մարդու կրոնական պահանջն է։
«Եթե նույնիսկ գիշերը քնած էլ լինեմ ու գան ասեն՝ մարդուն պիտի հաղորդություն տաս, պարտավոր եմ գնամ ու տամ հաղորդություն։ Սա հոգևոր խնամքի մի մասն է, անթույլատրելի է սահմանափակել մարդուն, որովհետև կա տիրոջ խոսքը. «Ով իմ մարմինը չուտի, իմ արյունը չխմի, հավիտենական կյանք չի ունենա»։
Կրոնական ազատության կարևորագույն բաղադրիչներից է պատարագն ու հաղորդություն ստանալը։
Նման արգելք դնողները թող մտածեն, որ իրենց վերաբերմունքը ոչ միայն հակաեկեղեցական է, այլև հակաաստվածային ու հակամարդկային»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հոգևորականը։
Հարցին՝ այս պահին 4 սրբազաններ են գտնվում կալանքի տակ, նրանցից 3-ը թեմի առաջնորդներ են, և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետն այսօր մեկ ամսով ևս երկարաձգվեց, այս պայմաններում, հնարավո՞ր կլինի հասնել արդարության, քահանան պատասխանեց.
«Միևնույն է՝ արդարությունը մի օր հաղթելու է, ինքս դրան հավատում եմ։ Քրիստոնեական եկեղեցու մի սուրբ մարդ ասել է՝ կարելի է խելագարվել և ամեն ինչ կարող էր շատ վատ լինել, եթե վերջին խոսքն Աստծունը չլիներ։ Վերջին խոսքն Աստծունն է, և մարդիկ սա պետք է գիտակցեն»։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ Քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է նախորդ տարվա հունիսի 28-ին։
