ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ ԷԼ ԷԻՆ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԻՄ ԱՌՋԵՎ․ ԻՆՁ ՆՄԱՆ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ, ԻՆՉՈ՞Վ ԵՄ ԻՐԵՆՑԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ. ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Խոսելով իր կյանքի ամենածանր ու հիշողության մեջ խորապես դրոշմված փուլերի մասին՝ նա անդրադարձավ թե՛ Սպիտակի աղետալի երկրաշարժին, թե՛ Արցախյան առաջին պատերազմի տարիներին տեսած սահմռկեցուցիչ պատկերներին, ինչպես նաև բանտարկության ընթացքում ունեցած ներքին ապրումներին։

Խոսելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերի մասին՝ Արմեն Չարչյանը հիշում է այն անմարդկային պայմանները, որոնցում ստիպված էին աշխատել:

«Ոչինչ չկար։ Մի հատ պատառոտված վրան էր, դուրսը՝ -20 աստիճան։ Քնում էինք քնապարկերի մեջ»,- պատմում է նա՝ ընդգծելով, որ այդ օրերը բժշկի համար ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային մեծ փորձություն էին։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Շուշիում տեսած դրվագներն էլ նրա հիշողության մեջ մնացել են որպես հոգեպես ծանր վերքեր:

«Ադրբեջանցիները տղաներից մեկի կրծքավանդակի վրա խաչ էին բացել, աչքերը հանել, մատները կոտրել։ Գործընկերս ասաց՝ գործ չունես, դու երիտասարդ ես, գնա՛, բայց արդեն տեսել էի»,- պատմում է նա՝ չթաքցնելով, որ նման տեսարաններն անդառնալիորեն փոխում են մարդու ներաշխարհը։

Արմեն Չարչյանը խոսում է նաև իր բանտարկության շրջանի մասին՝ նշելով, որ նույնիսկ այնտեղ իրեն խոնարհ վերաբերմունք է ցուցաբերվել:

«Կալանավայրում էլ էի խոնարհումի արժանանում։ Իմ նման մարդիկ են, էլի, Աստծո արարած, ինչո՞վ եմ իրենցից ավելի լավը»,- ասում է նա՝ շեշտելով, որ երբեք իրեն վեր չի դասել ուրիշներից։

Անդրադառնալով կյանքի ընթացքում կուտակված հոգեկան և ֆիզիկական ծանրաբեռնվածությանը՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը նշեց, որ ժամանակին կարողացել է ինքն իրեն հասկանալ ու կանխել լուրջ խնդիր:

«Զգացի, որ ինձ մոտ անձի երկատում է զարգանում։ Կարողացա ինքս ինձ ախտորոշել և ժամանակին կանգնեցնել դա»,- ընդգծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս