Իրանում անհնազանդության և բողոքի ակցիաների վտանգավոր կետն ու դրվագը. Որտե՞ղ է «թաքնված» արտաքին գործոնը
168.am-ի իրանական աղբյուրները հայտնել են, որ հունվարի 8-ի ուշ երեկոյան և ամբողջ գիշերը խիստ ճգնաժամային իրավիճակ է եղել Իրանում՝ վերջին 12 օրերի բողոքի և անհնազանդության ակցիաների պիկն է եղել:
Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հատկապես՝ արևմտյան սահմանի վրա գտնվող փոքր քաղաքներում փորձ է արվել ստեղծել անկառավարելի վիճակ և քաոս: Թեհրանում ևս խիստ լարված իրավիճակ է եղել:
Մեզ փոխանցված տեղեկության համաձայն՝ առավոտվա դրությամբ դեռևս հասանելի չի եղել իրանական պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունը, ուստի ակտիվ շրջանառվող լրատվական հոսքը միայն արևմտյան աղբյուրներից է՝ BBC-ի պարսկերեն ծառայություն, «Դոյչե Վելե»-ի պարսկերեն ծառայություն, իսրայելական լրատվամիջոցներ և այլն:
Այսինքն, գործ ունենք միակողմանի տեղեկատվական հոսքի հետ, որտեղ ներկայացվում է, թե Իրանում անկառավարելի վիճակ է, որ Իրանի իշխանությունների անկումը մոտալուտ է:

Սակայն, ըստ մեր աղբյուրի, դեռևս իրավիճակը վերահսկելի է, մյուս կողմից՝ իրանական կողմի տեղեկատվական հոսքերի բացակայությունը թույլ չի տալիս համադրել և պատկերացնել իրական պատկերը: Բայց մի բան հստակ է՝ ամենամեծ բողոքի ակցիաները տեղի են ունեցել երեկ երեկոյան, և այսօր ու առաջիկա օրը վճռորոշ է լինելու: Եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա, և Իրանի իշխանությունները կարողանան վերահսկել այն, ճգնաժամը կհաղթահարվի: Այլ հարց է՝ դրանից հետո ի՞նչ տեղի կունենա:
Ինչ վերաբերում է Իրանում տեղի ունեցող բողոքի և անհնազանդության ակցիաների արտաքին գործոնին, մեր աղբյուրն ուշադրություն հրավիրեց փաստին, որ Իրանի հյուսիսարևելյան խոշոր Մաշադ քաղաքում երեկ ևս զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իսկ Մաշադն իր բնույթով կրոնական քաղաք է, քաղաքական առումով էլ՝ պահպանողական, պրոիշխանական:
Մեր տեղեկություններով, ցույցերը տեղի են ունեցել քաղաքի երկու թաղամասերում, որտեղ հիմնականում բնակվում են աֆղանցիներ և բելուչներ: Եվ քանի որ անհնազանդության ակցիաները չեն համապատասխանում Մաշադ քաղաքի բնույթին, սա թույլ է տալիս իրանական փորձագիտական որոշ շրջանակների ենթադրություններ անելու արտաքին որոշակի գործոնների առկայության մասին և համապատասխան հետևություններ անել:
Այս համատեքստում, ինչպես մեզ հայտնեց իրանական մեր աղբյուրը, չի բացառվում, որ փորձ է արվում Իրանում, այսպես ասած, ազգամիջյան բախումներ ստեղծել՝ ազգայնական գործոնն օգտագործելով, աֆղան վարձկաններին, բելուչներին ոտքի հանելով, որպեսզի Իրանի արևմտյան շրջանի քրդաբնակ հստվածներում, որոնք անկարգությունների էպիկենտրոնն էին, իրավիճակն ավելի թեժացնեն՝ հաղորդելով հստակ ազգայնական երանգավորում, ինչը շատ վտանգավոր է:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հնարավոր էր համարել ԱՄՆ-ի «ուժեղ հարվածն» Իրանի ղեկավարությանը, եթե ցուցարարների շրջանում ոչ հրմշտոցի հետևանքով զոհեր լինեն:
Իսկ 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն անդրադառնալով հարցին, թե Իսրայելը և Ադրբեջանը որքանո՞վ կարող են օգտվել Իրանում տիրող ներկա ներքաղաքական վիճակից, նշել էր.
«Ներկա փուլում Թել Ավիվի համար ավելի շահավետ է Իրանի կառավարելի թուլացումը, ոչ թե անմիջական լայնամասշտաբ պատերազմը»: Իսկ «Բաքուն էլ իր գործողությունները կառուցում է այն հաշվարկով, որ Իրանը, լինելով ներքաղաքական, սոցիալական և արտաքին ճնշումների տակ, սահմանափակ կարողություն ունի կոշտ արձագանքելու տարածաշրջանային զարգացումներին»:
