Հետապնդում և սպառնում են Ժիրայր Սէֆիլյանին և Գարեգին Չուգասզյանին

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած Նախախորհրդարանի հանրահավաքի ժամանակ պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը կարդաց Նախախորհրդարանի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ Նախախորհրդարանի անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ: Նա նշեց, որ Նախախորհրդարանը իր՝ մայիսի 17-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանում տիրող նոր գաղութային իրավիճակի և իր ծրագրի միջոցով դրա հաղթահարման մասին, որից հետո, ըստ նրա՝ կտրուկ սաստկացել են ճնշումներն ու սպառնալիքները Նախախորհրդարանի և Սարդարապատ շարժման խմբի անդամների նկատմամբ:

Վ. Ավետիսյանը նշեց, որ հեռախոսազրույցների գաղտնալսումները, հետապնդումները, աշխատանքի վայրում գործադրվող ճնշումները Նախախորհրդարանի և Սարդարապատ շարժման անդամների համար  դարձել են սովորական երևույթ: Սակայն, ըստ նրա՝ ամենամտահոգիչն այն է, որ հնչում են կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառնալիքներ:

«Մասնավորապես՝ նման սպառնալիքներ են ուղղվել Նախախորհրդարանի անդամ և Սարդարապատ շարժման խմբի համակարգող Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ: Եվ Նախախորհրդարանի համակարգող և Սարդարապատ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանի հարևաններին այցելել են մարդիկ, ովքեր իրենց տարօրինակ են պահել և ներկայացել են որպես սոցիալական ծառայության աշխատակիցներ, սակայն իրենց ծառայության հետ բնավ ոչ մի առնչություն չունեցող հարցեր են տվել»,- ասաց նա:

Վերջում Վ. Ավետիսյանն ավելացրեց, որ ուզում են բոլորին տեղեկացնել, որ գործող վարչախումբը պետք է հստակ գիտակցի, որ Նախախորհրդարանի և Սարդարապատ շարժման անդամների նկատմամբ կյանքի և առողջության դեմ ուղղված որևէ ոտնձգության պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նա նաև հայտարարեց, որ որևէ ճնշում կամ սպառնալիք չի կարող հետ կանգնեցնել Նախախորհրդարանին՝ իր բռնած ճանապարհից:

Տեսանյութեր

Լրահոս