Իսրայելը նույնականացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից փոխանցված ևս մեկ աճյուն․ այն պատկանում է Թաիլանդի քաղաքացու
Իսրայելը դեկտեմբերի 3-ին ՀԱՄԱՍ-ի կողմից հանձնված պատանդի մասունքները նույնականացնելուց հետո հայտնել է, որ դրանք պատկանում են Թաիլանդի քաղաքացի Սուդթիսակ Ռինտալակին։ Տեղեկությունը հաստատել է նաև Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Ռինտալակի մարմինը Գազայից տեղափոխվել է Կարմիր խաչի միջոցով և հանձնվել իսրայելցի զինվորականներին։42-ամյա Ռինտալակը սպանվել է Բեերի Կիբուցում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հարավի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։
Թաիլանդի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Սուդթիսակի ընտանիքը տեղեկացվել է այդ մասին՝ հավելելով, որ նա սպանվել է հոկտեմբերի 7-ի հարձակման օրը, ինչից հետո նրա մարմինը տարվել է Գազա։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերին կնքված հրադադարով համաձայնել էր հանձնել Գազայում պահվող բոլոր ողջ մնացած գերիներին, ինչպես նաև մահացածների մասունքները։ Արդյունքում, պաղեստինյան խմբավորումը վերադարձրել էր բոլոր ողջ մնացած 20 պատանդներին և 27 մարդու աճյուն՝ մոտ 2000 պաղեստինցի կալանավորների և բանտարկյալների դիմաց։
Տեղեկությունների համաձայն՝ պատանդներից վերջինի՝ իսրայելցի ոստիկան Ռան Գվիլիի մարմինը դեռևս գտնվում է Գազայում։
