Միջազգային աստղագիտական միության գիտաժողովին կմասնակցի 32 երկրների 145 գիտնական
Հոկտեմբերին Երևանում կայանալիք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովին կմասնակցի 145 գիտնական 32 երկրներից, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ: Նման քանակի երկրներ ներկայացված են եղել նաև 2007թ. կայացած Եվրոպական աստղագիտական համագումարում: Գիտաժողովը, որը կկայանա 2013թ. հոկտեմբերի 7-11-ին և ստացել է ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի պաշտոնական համարը, նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին և անցկացվում է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով:
Առավել շատ մասնակիցներ կլինեն զարգացած աստղագիտական երկրներից` ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ավստրալիա, Ռուսաստան, Ուկրաինա, ինչպես նաև Հայաստանից: Ներկայացված են նաև Արգենտինան, Բրազիլիան, Բուլղարիան, Թայվանը, Իռլանդիան, Իրանը, Լեհաստանը, Կոլումբիան, Հոլանդիան, Հունաստանը, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Չիլին, Պորտուգալիան, Սերբիան, Վենեսուելան և Վրաստանը: Մասնակիցների թվում են անվանի աստղագետներ` միջազգային կազմակերպությունների և գիտական ծրագրերի ղեկավարներ, աստղադիտարանների և աստղագիտական ինստիտուտների տնօրեններ, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդ աստղագետներ: Կներկայացվեն շուրջ 60 բանավոր զեկուցումներ և շուրջ 100 պոստերներ:
Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներում կներգրավվի ուսանողների խումբ ԵՊՀ Ֆիզիկայի, Միջազգային հարաբերությունների, Ռոմանո-գերմանական բանասիրության և Լրագրության ֆակուլտետներից, ինչպես նաև Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից և Տուրիզմի ինստիտուտից:
Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 և 2001թթ., և 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 6-րդը:
Հայկական աստղագիտական ընկերություն