Այդ մարդու հետ վիճելն անիմաստ է. նա ունակ չէ ադեկվատ կարծիք լսել. Արմինե Օհանյանը’ Փաշինյանի մասին

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վերջապես Նիկոլ Փաշինյանը «ինչ-որ սառնարանի ոտի տակից, կոնդիցիոների միջից» գտավ ղարաբաղյան բանակցային գործընթացի փաստաթղթերը եւ հրապարակեց: Դրանցից ամենաթարմը, նկատենք` 2019-ով էր թվագրված: Բայց շատ փաստաթղթեր բացակայում էին, այնպես որ «սառնարանների ոտի» տակը քրքրելու իմաստը չկար:

Միաժամանակ կային թղթեր, որոնք կարող էին չլինել, օրինակ` Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին: Վստահ եմ, այդ տարիներին Արցախի թեմայով բազում նամակներ են գրվել, տարբեր անձանց ու ատյանների, թե ինչու է այս մեկն ընտրվել, ինչու է բանակցային թղթերի մեջ հայտնվել մի նյութ` «Հայկական ժամանակից», եւ անգամ խորհրդարանում Սերժ Սարգսյանի ու պատգամավորների ինչ-որ հարցուպատասխանի սղագրություն, ինչ սկզբունքով են ընտրվել եւ ինչով են դրանք պաշտոնական, ինչու չկան բազում այլ` իրապես պաշտոնական նյութեր, պարզ չէ:

Իրենց բնորոշմամբ`«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» կոչվող այս տարօրինակ փաթեթի հրապարակումից հետո էլ, հավանաբար, վախենալով, որ բանակցային գործընթացից գլուխ հանող փորձագետները կսկսեն բացահայտել, թե ինչ խայտառակ սխալների արդյունքում են իրենք տանուլ տվել Արցախը, կառավարության անունից մի անստորագիր «պարզաբանում» հրապարակեցին, մի ուղեցույց, թե այդ թղթերը կարդալիս` ինչ հասկանալ:
Բանակցային գործին լավատեղյակ անձինք դեռ կմեկնաբանեն այս «փաթեթը», անձամբ ես, դրանք կարդալով, հիշեցի Շուշիի մասին իր հայտարարությունները` երբ պատերազմից անմիջապես հետո ասաց. ի՞նչ տարբերություն Շուշին կտայինք, թե ադրբեջանցի փախստականները հետ կգային ու կապրեին Շուշիում: Այն ժամանակ ինձ ապշեցրել էր այդ հայտարարությունը, բայց պարզվեց` այդ բանաձեւը կիրառելի է ցանկացած այլ դեպքում:
Հիմա մեզ փորձում են համոզել. ի՞նչ տարբերություն` արցախցիները կապրեին Արցախում, Արցախը կմնար հայկական, Լաչինն ու Քելբաջարը մերը կլինեին եւ հետագայում էլ` հանրաքվեով Արցախին ինչ-որ կարգավիճակ կտրվեր, թե՞ Արցախը կհայաթափվեր, 120 հազար մարդ տնավեր կլիներ ու մի շապիկով` կփախչեր Հայաստան:
Փորձում են մեզ համոզել, որ 2016-18 թթ. բանակցային գործընթացը եկել հանգել էր 1991 թվի մակարդակին, այսինքն` երկար տարիներ քննարկվել է միայն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության հարցը եւ ոչ մի ուրիշ բան: Ահա «պարզաբանման» մեխը. «Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»։
Եկեք չվիճենք, որովհետեւ այս 8 տարում պետք է հասկացած լինեինք, որ այդ մարդու հետ վիճելն անիմաստ է` նա ուղղակի ունակ չէ ադեկվատ կարծիք, առաջարկ, միտք լսելու, կարող է սեւը սպիտակ ներկայացնել, պարտությունը` հաղթանակ, ինքնիշխանության կորուստը` աննախադեպ հաջողություն եւ այլն:
Եկեք ընդամենը ասենք. դու միանգամայն ճիշտ ես` «բանակցում էին Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո» պահպանելու մասին, հիմա մենք շատ ենք ուզում վերադառնալ հենց այդ կետին, ուղղակի երազում ենք, որ Արցախը 1988 թվի, 1994 թվի, կամ 2016 թվի կարգավիճակն ունենա. լինի հայկական, արցախցիներն ապրեն Արցախում, մեր վանքերն ու հուշարձանները լինեն հայերի տնօրինության տակ եւ բանակցություններ ընթանան: Կարո՞ղ ես ապահովել նման վերադարձ»:

Տեսանյութեր

Լրահոս