Մեծ Բրիտանիայի թագավորը եղբորը զրկել է ևս երկու պատվավոր կոչումից
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը զրկել է իր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին ևս երկու պատվավոր կոչումից։ Այս մասին հայտնում է Միացյալ թագավորության The Gazette պաշտոնական հրատարակությունը։
«Թագավորը հրամայել է չեղյալ հայտարարել և անվավեր ճանաչել Էնդրյու Ալբերտ Քրիստիան Էդվարդ Մաունթբաթեն-Վինձորի 2006 թվականի ապրիլի 23-ի Գարթերի ամենաազնվական շքանշանի ասպետ-ուղեկցորդ կոչումը և նրա անունը ջնջել նշված շքանշանի գրանցամատյանից։
Թագավորը հրամայել է չեղյալ հայտարարել և անվավեր ճանաչել Էնդրյու Ալբերտ Քրիստիան Էդվարդ Մաունթբաթեն-Վինձորին Թագավորական Վիկտորիական Շքանշանի Մեծ Խաչի ասպետի կոչում տալու՝ 2011 թվականի փետրվարի 19-ի որոշումը և նրա անունը ջնջել նշված Շքանշանի գրանցամատյանից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Սա ևս մեկ քայլ է թագավորի կողմից՝ ցույց տալու, որ վճռական է գործում Ջեֆրի Էպշտեյնի հետ եղբոր վիճահարույց կապերի հարցում։ Նոյեմբերի 6-ին հայտարարվել է, որ Էնդրյուն պաշտոնապես զրկվել է արքայազնի կոչումից և այլ տիտղոսներից։ Նախկին արքայազնը նաև մեղադրվել է բռնաբարության համար, ինչը նա հերքել է։
Ռազմածովային սպա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը Եղիսաբեթ II թագուհու կրտսեր որդին է։ 2000-ականների սկզբից ի վեր նրա հեղինակությունը խաթարվել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով։ 2019 թվականին արքայազն Էնդրյուն հրաժարական է տվել բոլոր պետական պաշտոններից, իսկ 2022 թվականին սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին նրան զրկել են զինվորական կոչումներից և թագավորական արտոնություններից։Կարդացեք հոդվածը` Русский Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ումՏեղադրություն Եվրոպա ԱշխարհԱնձ Չարլզ IIIԵվրոպաՔաղաքականությունՀայաստան-Ե

