Թբիլիսին մանրամասն պատասխանել է քիմիական նյութեր օգտագործելու մասին BBC-ի հարցմանը, սակայն դա անտեսվել է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր թիմը ժամանակին BBC-ին մանրամասն պատասխան էր տվել ցուցարարների դեմ ենթադրաբար քիմիական նյութեր օգտագործելու մասին հարցման առնչությամբ, սակայն այն ամբողջությամբ անտեսվել է։

Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Վարչապետի խոսքով՝ BBC-ն հիմնվել է արմատական ակցիաների մասնակցող հայր և որդի Չախունաշվիլիների հայտարարության վրա, և ամեն ինչ վկայում է, որ «BBC-ն գործել է որպես «ֆեյք» հեռուստաընկերություն»։

«Ներքին գործերի նախարարությունը և անձամբ նախարարը ձեզ կտրամադրեն տեղեկատվություն՝ իրականացված փորձաքննության վերաբերյալ, և դրանով կհաստատվի, որ BBC-ի տարածած տեղեկատվությունը լիովին կեղծ էր։

Ես չեմ կարող պատասխանատվություն կրել BBC-ի կեղծիքի համար։ Ամեն ինչի վերաբերյալ արդեն պատասխանեցի։ Թե ինչ նյութ էր օգտագործվել, այդ մասին կպատասխանի ներքին գործերի նախարարը։ Ինչ վերաբերում է «կամիտ» նյութին, այն ընդհանրապես չի օգտագործվել։ Սա պարզ կեղծիք է, մնացածի մասին մանրամասն կտեղեկացնի ՆԳ նախարարությունը։ Թիմը ժամանակին BBC-ին տվել էր մանրամասն պատասխան, սակայն այն ընդհանրապես չէր օգտագործվել։ Մենք տրամադրել էինք կոնկրետ և մանրամասն տեղեկատվություն, սակայն BBC-ն հիմնվել էր հայր և որդի Չախունաշվիլիների հայտարարությունների վրա, այլ ոչ թե մեր պատասխանների։ Այս ամենը հաստատում է, որ BBC-ն գործել է որպես «ֆեյք» հեռուստաընկերություն», – հայտարարել է վարչապետը։

Ավելի վաղ BBC-ն հրապարակում էր արել, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ճնշելու համար, ենթադրաբար, օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ կամ կամիտ: Լրատվամիջոցը հղում էր անում 2024 թ. նոյեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիային մասնակցած ցուցարարներից մեկին՝ Կոնստանտին Չախունաշվիլուն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ BBC-ի դեմ դատական ​​հայցեր են ներկայացվելու միջազգային դատարաններ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար։ 

Տեսանյութեր

Լրահոս