Բաժիններ՝

Թրամփը մտադիր է պատերազմի ավարտի դեպքում Պուտինին վերադարձնել Ռուսաստանի սառեցված ակտիվները․ Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է վերադարձնել Ռուսաստանին նրա սառեցված ակտիվները՝ Ուկրաինայի շուրջ գործարք ստորագրելուց և պատերազմի ավարտից հետո, Politico-ին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաներն այս մասին հայտնել են Եվրամիության պատժամիջոցների հարցերով դեսպանորդ Դևիդ Օ’Սալիվանին դեռևս ամռանը՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Ավելին, նոյեմբերի կեսերին ԱՄՆ-ի կողմից ներկայացված սկզբնական խաղաղության պլանում ներառված է եղել կետ՝ Ուկրաինայի վերակառուցման համար ռուսական 100 միլիարդ դոլարի ակտիվների օգտագործման վերաբերյալ: Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը պետք է ստանար շահույթի 50%-ը, մինչդեռ Եվրոպան պետք է ավելացներ ևս 100 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի տնտեսությունում ներդրումները մեծացնելու համար: Մնացած ռուսական ակտիվները նախատեսված են եղել ամերիկա-ռուսական նախագծերի համար: Politico-ի աղբյուրների համաձայն՝ եվրոպացի պաշտոնյաները վրդովված են եղել ԱՄՆ-ի կողմից ակտիվների մի մասը վերցնելու հեռանկարից, նույնիսկ եթե դրանք անվանապես օգտագործվեին Ուկրաինայի տնտեսության վերակառուցման համար, իսկ մնացածը կկիսվեին Ռուսաստանի հետ: Հետագայում, ինչպես հաղորդել էր Bloomberg-ը, խաղաղության պլանից հանվել է ռուսական ակտիվների օգտագործման մասին կետը:

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկել էր Ուկրաինային 140 մլրդ եվրոյի չափով «ռեպարացիոն վարկ» տրամադրել, որպես գրավ օգտագործելով Ռուսաստանի արգելափակված ակտիվները։ Սակայն Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հրաժարվել է տրամադրել երաշխիքներ նման վարկի համար, հայտնել են Financial Times-ի աղբյուրները։ Պարբերականի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաները դիմել էին բանկին՝ խնդրելով որպես վարկատու հանդես գալ բելգիական Euroclear դեպոզիտարիայի համար, որտեղ պահվում է ակտիվների հիմնական մասը։ Սակայն կարգավորողը եկել է այն եզրակացության, որ առաջարկը համարժեք է մոնետար ֆինանսավորմանը, որն արգելված է ԵՄ պայմանագրերով։

Բելգիան նույնպես դեմ է Կիևին ռուսական ակտիվների հաշվին վարկ տրամադրելուն։ Երկրի վարչապետ Բարտ դե Վևերը պահանջել է ԵՄ-ից տրամադրել ֆինանսական երաշխիքներ, որոնք կգերազանցեն 140 մլրդ եվրոն և որոնք հնարավոր կլինի վճարել մի քանի օրվա ընթացքում, եթե Ռուսաստանը դատի տա։ Դե Վևերը նաև ընդգծել է, որ նման երաշխիքների ժամկետը պետք է գերազանցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ժամկետը։

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները՝ ընդհանուր մոտ 260 մլրդ եվրո գումարով։ Դրանց մեծ մասը (մոտ 193 մլրդ) գտնվում է Բելգիայում։ Եվրոպական երկրներն արդեն գրեթե չորս տարի է քննարկում են այդ ակտիվները Ուկրաինային օգնելու համար տրամադրման հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս