ՎԵՀԱՓԱՌԸ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՉԻ՛ ԶԻՋԵԼՈՒ. ՍԻՐԻԱՅՈՒՄ Ի՞ՆՉ ԵՂԱՎ․ ՀԱՅՏՆՎԵՑ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ ՄՏԱՎ ՍԻՐԻԱ… ՆՈՒՅՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Բագրատ և Միքայել սրբազանները Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված 10 սրբազաններին ճշգրիտ բնութագրում տվեցին՝ տիրադավեր։ Իրենք տիրադավ եպիսկոպոսներ են։
- «Եվ դու, Բրուտոս» արտահայտությունը պետք է փոխել ու հիմա ասել՝ և դո՞ւ, Բենթլի։ Ձեր ընտանիքի հարցերը լուծելու համար գնում եք ձեր թշնամու մո՞տ։ Հայտարարությունն անում եք ու գնում եք նրա հետ հանդիպման։ Լսված բան չէ, որ հոր մասին գնան բողոքեն իրենց հորը հայհոյողին։ Այդ մարդիկ ուզում են լինել պատվերով պատարագի գնացողների, իրենց «պարոն Կճոյանով» դիմողների կողքին։ Ակնկալում եմ, որ մեր Եկեղեցու հովվապետը շարունակելու է այն կարգը, ինչպես արել են իրեն նախորդած 131 կաթողիկոսները։
- Փաշինյան վարչապետն այսօր կարմիր բերետներով, ՊՊԾ-ով կարող է պաշտպանել այն սրբազաններին, որոնց ժամանակին քննադատում էր Փաշինյան լրագրողը։ Վախ կա, որ այս մարդիկ կարող են չենթարկվել Եկեղեցու որոշումներին, բայց դա ավելի քիչ սպառնալիք է, քան նրանց մնալն իրենց թեմերում։
- Կիրակի օրն աշխարհի բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում պատարագ է մատուցվել, բոլոր տեղերում հնչել է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, բացի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ գտնվում էր Փաշինյանը։ Տիրադավ եպիսկոպոսնե՛ր ու քահանանե՛ր, դուք պատվերով համերգ եք անում, պատվերով պատարագ, որտեղ Փաշինյանի ներկայությունն ավելի կարևոր է, քան ձեր դարավոր արժեքները, ուխտն ու հավատը։ Դուք դրանք ստորադասել եք Փաշինյանի քմահաճույքներին։
- Դուք Վեհափառին եք ուրացել, եկեղեցու դարավոր ավանդույթներն եք ուրացել ու մեկ ժամ հետո գնացել եք՝ հանդիպելու նրա հետ, ով եկեղեցին չուլանանոց է ասել, Վեհափառին է վիրավորել, տո ձե՛զ է վիրավորել։ Հանուն ինչի՞ եք դա անում։ Դուք ավելի շատ կոմերսանտ եք, քան հոգևորական։ Ձեզնից որոշների աչքերի մեջ նայում ես, այնտեղ գույք ես տեսնում։
- Փաշինյանն իրեն դրել է տիրակալի տեղ։ Ինքը հանձնել է Արցախը, ու իրեն թվում է՝ դրանից հետո իրեն ամեն ինչ կարելի է։ Ինքն է որոշում՝ ինչ թատրոններ բեմադրել, ինքն է որոշում՝ Ֆեյսբուքում ինչ դատավճիռ կարդա և ում վերաբերյալ։ Հիմա էլ որոշել է լուծել Եկեղեցու հարցերը։
- Սա լրջագույն հարված է աշխարհում Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրին՝ Հայաստանին:
- Պատարագի գնալը դարձնել PR-ի առարկա՞… Եկեղեցին ասում է՝ կուռքեր մի՛ ստեղծիր, դու մտնում ես, քեզ ծափահարում են, անունդ են գոռում, լավ է՝ դըմփ-դըմփ-հու չեն գոռում…
- Հատկապես կրիտիկական իրավիճակներում Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ստամբուլի Հայոց պատրիարքի աթոռը միայն ներհայկական տիրույթում չեն հետաքրքիր եղել, այլ նաև աշխարհաքաղաքական։ Եվ որ պահին շահերը համընկել է, պրոցեսներն արագացել են։

- Եկեղեցին մնացել է միակ կառույցը, որտեղ ամեն շաբաթ՝ պատարագների ժամանակ և տարբեր հանդիպումների ժամանակ, հնչում է Արցախի անունը։ Վեհափառն էր, որ պահեց Արցախի թեմը, որի առաջնորդը հուդաներից մեկն էր։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ իսկ պատճառով Գարեգին Վեհափառը տարատեսակ աշխարհաքաղաքական հորձանուտների համար դարձել է ոչ ցանկալի։
- Պատմության մեջ Գարեգին կաթողիկոսը մնալու է՝ որպես Գարեգին շինարար։ Նա ժողովրդի հետ քիչ խոսող, պոպուլիզմից հեռու անձնավորություն է, դրա համար է բացասական PR-ը կպչում նրան։ Նա Քրիստոսի խոսքի տարածողն է, չի կարող լինել քինախնդիր։ Դրա համար մենք որոշ հարցերում կարող ենք չհասկանալ իրեն։ Նայեք՝ ինչ փորձություններով է անցնում հիմա։ Կալանավորել են հարազատներին, իրեն ինչ մեղադրանք ասես՝ հասցնում են, հոգևոր զավակներն ինչ հարվածներ են հասցնում։ Ամերիկայի թեմի առաջնորդի անունը տիրադավների ցուցակում ինձ հիմք է տալիս մտածել, որ Գարեգին Վեհափառի հեռացման պահանջը կապ ունի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։
- Հայ ազգի բրենդներից մեկն առաջին քրիստոնյա ազգ լինելն է, և աշխարհում մենք հիմա խայտառակության փուլ ենք անցնում։ Հիմա մեզ նայում ու ասում են՝ ո՞նց կարող է առաջին քրիստոնյա ազգը պատերազմից հետո գնա ու ընտրի իրեն պարտության տարածին, կամ հանդուրժի Եկեղեցու դեմ արշավը։ Դո՞ւք եք Նարեկացու գաղափարների կրողը։ 10 տիրադավերը հազար գիրք են կարդացել, չգիտե՞ն, որ սենց բան չի կարելի անել։
- Միքայել և Բագրատ սրբազաններն իրենց խցում ավելի ազատ են, քան 10 տիրադավերն իրենց տներում, դղյակներում, ավտոմեքենաների մեջ կամ այլուր։ Փաշինյանը տառապում է ոսկե ձկնիկի սինդրոմով։
- Միքայել և Բագրատ սրբազանները պլանկա են դրել։ Արձագանքն այդպիսին պիտի լինի։
- Սիրիացումն այն է, երբ երկիրը հրաժարվում է անվտանգային բնազդներից։ Սիրիան դասագրքերից հանեց իրենց պատմության՝ Թուրքիայի հետ խնդիրների հատվածները, ականազերծեց սահմանները, չպայքարեց իր բարձունքների համար։ Սիրիայում ի՞նչ եղավ․ մի օր հայտնվեց թուրքամետ իշխանություն, և Էրդողանը կարմիր գորգի վրա մտավ Սիրիա… Նույնն այսօր տեղի է ունենում Հայաստանում։
- Գարեգին Վեհափառը Մայր Աթոռը չի զիջելու։ Տիրադավները պետք է պատժվեն, որովհետև անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնելու։
- Հռոմի պապի ողջույնը Պոլսի հայկական եկեղեցում Գարեգին Վեհափառին եղբայրական ողջույն էր ու լավ մեսիջ։ Սահակ պատրիարքը Գարեգին Վեհափառի հոգևոր զավակներից է։ Նա անգամ հոդված ունի՝ «Վեհափառի աչքերը», ուր գովերգում է նրան։ Համենայնդեպս, Սահակ պատրիարքը չի հանդիպել Գարեգին Վեհափառին հայհոյողի հետ։ Այդ 10 սրբազանները Սահակ պատրիարքի համարձակությունն էլ չունեցան։

- Ցեղասպանության ու գաղթի ժամանակ Մշո Առաքելոց սուրբ վանքի դուռը հանել, բերել են։ Հիմա դուք հարձակվում եք եկեղեցու վրա, դարպասնե՞րն եք պոկում։
- Տիրադավերի այդ ցուցակը կարող է ավելանալ. եթե սա պլան է, բայց մի բան հստակ է՝ սա իրենց արդար համոզմունքը չէ։ 2018թ․ քաղաքական թիմից էին փախչում ամենաանհավանական մարդիկ, ովքեր ասում էին՝ պետք է դադարեցնել թալանը, երբ իրենք էին թալանողները, հիմա էլ ամենաանհավանական սրբազաններն են ասում՝ պետք է պայքարել Եկեղեցում տիրող բարքերի դեմ… Էս տիրադավերը որևէ բարոյական խնդիր չունե՞ն իրենց բանտարկված հոգևոր եղբայրների հետ։ Միքայել սրբազանն ախր շատերիդ ուսուցիչն է եղել։
- Մենք ո՛չ նավթի հանքեր ունենք, ո՛չ գազի։ Բայց մենք ամուր ինքնություն ունենք։ Դա է մեր արժեքը։ Դրա համար ենք ասում՝ եկեղեցին բաստիոն է, չպետք է զիջենք մեր ինքնությունը։
- Նիկոլ Փաշինյանը չի տեսնո՞ւմ, որ վարչական ռեսուրսով մարդ են բերում իր մասնակցությամբ կեղծ պատարագին։ Գնում է Թալին՝ էնտեղ են, գալիս է Երևան՝ հետը գալիս են այստեղ։
- Հայաստանում հստակ բռնապետություն է։ Էս պարագայում ի՞նչ պետք է անել, եթե փողոցով էլ չի ստացվում։ Թող մարդիկ լուռ, քվեախցում անեն իրենց ընտրությունը, գնան ընտրությունների, իրենց խոսքն ասեն քվեախցում։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ ինքը մշտապես մտքեր է փոխանակում Թուրքիայի ԱԳՆ-ի և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարներ Հաքան Ֆիդանի և Իբրահիմ Քալընի հետ՝ Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ։
Նյու Յորքում ամենամյա Concordia գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ուիթքոֆն ընդգծել է, որ Թրամփի թիմի համար թուրք դիվանագետներն ու հետախուզությունը կարևոր դեր են խաղում տարածաշրջանային հարցեր քննարկելիս։
«Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարաքն ունի երկու մարդ, որոնք չափազանց կարևոր են այն ամենում, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում։ Նրանցից մեկը պարոն Իբրահիմ Քալընն է՝ MIT հետախուզության ղեկավարը, իսկ մյուսը՝ Հաքան Ֆիդանը՝ ԱԳ նախարարը։ Եթե իմ մեջ խնդիր է առաջանում՝ լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ նույնիսկ Ուկրաինայում, այս պարոնայք հանդիսանում են փորձագետներ այդ բոլոր ոլորտներում»,- նշել է նա։
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մի շարք ուշագրավ ու ցինիկ մեկնաբանություններ է արել, ըստ էության՝ հերթական անգամ խոստովանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առկա նախապայմանների փաստը: Նա, մասնավորապես, ասել էր. «Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:
«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում»,- Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել էր Ֆիդանը։
- Հայաստանի իշխանություններ, ո՞ւր մնաց ձեր ինքնիշխանությունը… Բա քո մասին խոսում են թշնամի երկրի արտգործնախարարի հետ։ Ինքնիշխանությունդ ո՞ւր մնաց։ Թուրքիայի հետ գործընթացներն ընթանում են նախապայմաններով։ Ու այստեղ ցինիզմ կա, մեզ ասում են՝ շանս ենք տվել, որ խոսեք Ադրբեջանի հետ։


