40 միլիոն 90.000 դրամ, որ պետծառայողները Համալիրում լսեն Փաշինյանի հին ու նոր թեզերը և Իվետայի կատարումը
Էլեկտրոնային գնումների համակարգում օրերս հրապարակվել է Փաշինյանի աշխատակազմի հերթական մեկ անձ ընթացակարգով խոշոր գնումը։
Նոյեմբերի 21-ին կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ աշխատակազմը 40 միլիոն 90.000 դրամ է վճարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ պատվիրակելով արարողակարգային միջոցառման կազմակերպման ծառայություններ։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը Համալիրում էր հավաքել հազարավոր պետծառայողների։ 168․am-ն այս ժողովի նախօրեին գրել էր՝ վարչական ապարատում հրահանգ է իջեցվել, որ նոյեմբերի 22-ին աշխատակիցները մի մարդու պես լինեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Ասել են՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է, խիստ զգուշացրել՝ բացականեր չլինեն, ով չի ներկայանա՝ թող դիմում գրի»,- մեզ հետ զրույցում նշել էր նախարարության մի աշխատակից։
Կեսօրից մեկնարկած համաժողովին շտապող մասնակիցներից անկեղծորեն խոստովանել էին, որ տեղյակ չեն, թե ինչի համար են կանչվել Մարզահամերգային համալիր:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ իշխանության թիվ մեկ խոսափողն այս հարթակը ևս օգտագործել է իր հին ու նոր թեզերը «ծեծելու» համար․ ամեն դեպքում, փակ հանդիպման ընթացքում ու դրանից հետո առանձին դրվագներից դա էր պարզ դարձել:
«Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառմանը, ինչպես ավելի ուշ տեղեկացանք, ներկաներն ունկնդրել են Փաշինյանի՝ «Պետության հարատևության բանաձևը» թեմայով ելույթը:
Վերջինին հաջորդել էր հարցուպատասխանը, ապա երաժշտական ընդմիջումը, որի մասին տեղեկացրել էր նաև անձամբ երգչուհին՝ Իվետա Մուկուչյանը, ապա նաև՝Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն» վերտառությամբ քննարկումը՝ Գևորգ Պապոյանի, Սրբուհի Գալյանի, Ժաննա Անդրեասյանի և փոխվարչապետների մասնակցությամբ:

