Հովիկ Աբրահամյան. Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում

«Արմենիա Մարիոթ հյուրանոցում ընթանում է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում են ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը»:

Վերջինս նշեց, որ իր համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երևանում՝ հույս հայտնելով, որ այն իր ուրույն էջը կբացի Հայաստանի և Եվրոպայի խորհրդի պատմության մեջ:

Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը, ինչպես նաև եվրաինտեգրման գործընթացները «գիտակցված» ընտրության արդյունք են: «Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով և գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001 թվականին, Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իր նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջև ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը, ռասիզմի դրսևորումները:
Իսկ հաղթահարելու համար այդ մարտահրավերները, Հովիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանը գործադրելու է հնարավոր միջոցները՝ այդ թվում նաև միջմշակութային երկխոսությունը:

Նա նշեց, որ Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա:

Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի ու այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում, նրա խոսքով, այս խնդիրները մնում են օրակարգում:

«Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը: Տեղին է հիշել Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը՝ «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձև է ու խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն»: Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վերածվում են հակամարտությունների:
Այս համատեքստում, Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն և նպատակային՝ գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը»,- շեշտեց Հ. Աբրահամյանը:

Եզրափակելով իր ելույթը, Հովիկ Աբրահամյանն ընդգծեց. «Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ և ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը»:

Տեսանյութեր

Լրահոս