Բռնե՛լ, նստացնե՛լ. Փաշինյանը սա՛ է անելու, բայց չէ՞ որ գիտենք՝ բռնապետությունների վերջն ինչ է լինում. Արմեն Խաչատրյան

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռում նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի իրավազոր նիստ, որը չի գումարվել արքեպիսկոպոսներ Նավասարդ Կճոյանի, Աբրահամ Մկրտչյանի, Վազգեն Միրզախանյանի, եպիսկոպոսներ Վրթանես Աբրահամյանի, Գևորգ Սարոյանի բացակայության պատճառով։

Անկախ դրանից, սակայն, հոգևոր խորհրդի մյուս անդամներն անդրադարձել են նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը՝ արձանագրելով, որ այն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։

«Ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով եկեղեցու շուրջ և եկեղեցու ներսում կատարվողի մասին, ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը նշեց՝ Հայաստանի իշխանությունը, միջամտելով եկեղեցու ներքին գործերին, կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը։

«Սա Սահմանադրության հիմքերի կոպիտ խախտում է, և վաղ թե ուշ դա անողները պետք է կանգնեն օրենքի առաջ։ Օրենքով երկրում քրեական վարույթ նախաձեռնելու հնարավորություն ունեցող մարմիններն արդեն իսկ պետք է գործընթաց սկսած լինեին»,- ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ եթե իրավապահ մարմինները գործընթաց չեն սկսում, այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ կան տարբերակներ, դրանք են՝ հեղափոխություն և օրենքով նախատեսված գործիքակազմով իշխանության հեռացում։

«Փաշինյանը դատախազի և քննչական մարմնի միջոցով բոլորին բռնելու-նստացնելու է։ Բռնե՛լ, նստացնե՛լ. Փաշինյանը սա՛ է անելու, բայց չէ՞ որ մենք գիտենք, թե բռնապետությունների վերջն ինչ է լինելու։ Կրկնում եմ՝ Փաշինյանը գնում է տոտալ ավտորիտարիզմի հաստատման»,- ասաց ՀԱԿ վարչության անդամը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս