Պետբյուջեն դարձրել են անձնական գրպան. շուրջ 18 մլն դրամ՝ Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային չվերթի համար. 1 օրում 170 մլն դրամ՝ Փաշինյանի քարոզչական արշավները գեներացնելու համար
ՀՀ կառավարությունն այսօր օրակարգի չզեկուցվող 39-րդ հարցով ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացրեց ֆինանսական միջոցներ՝ Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար։
Ըստ ներկայացված հիմնավորման՝ չարտերային թռիչքի անհրաժեշտությունը պայմանավորված է ս.թ. նոյեմբերի 21-22-ը Բաքվում կայանալիք կլոր-սեղան քննարկմամբ, որին հայկական կողմից իր մասնակցությունն է ունենալու թվով 5 փորձագետ։ Բաքվում կայանալիք հանդիպման օրակարգից, ըստ ներկայացված հիմնավորման, միայն հայտնի է, որ քննարկման նպատակն է՝ ակտիվացնել հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և ձևավորել երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։
Ուշագրավ է, որ որոշման 2-րդ կետը հույժ գաղտնի է։ Հայտնի չէ, թե հստակ ի՞նչ փորձագետներ են ներառված պատվիրակության մեջ, ո՞ր ավիաընկերությունն է իրականացնելու չարտերային չվերթը։
Հիշեցնենք, որ նմանօրինակ երկկողմ կլոր-սեղան քննարկում մինչ այդ՝ ս.թ. հոկտեմբերի 21-22-ն, անցկացվել էր Երևանում։ Այդ ժամանակ հայկական կողմից մասնակցում էին քաղաքագետ, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»-ի ղեկավար, իշխանամետ հայացքներ ունեցող Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանն ու Սամվել Մելիքսեթյանը։ Շատ հավանական է, որ Բաքվում կայանալիք միջոցառման մասնակիցների ցանկը կլինի նույնը։ Երևանում կայացած կլոր-սեղան քննարկման շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցները հանդիպել էին նաև Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի հետ։ Ըստ հոկտեմբերին տարածված մամլո հաղորդագրության՝ նախաձեռնությունն ուղղված էր խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի։
Ի հավելումն չարտերային չվերթ կազմակերպելու համար շուրջ 18 մլն դրամի հատկացման՝ կառավարությունը նույն որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացրեց 137 մլն 909 հազար դրամ՝ ներկայացուցչական ծախսերի համար, և շուրջ 14 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի (Կառավարական տուն 1) ջերմային ցանցի և ջրագծերի համակարգի վերակառուցման hամար։
Այսինքն՝ 1 օրում, կառավարության 1 որոշմամբ շուրջ 170 մլն դրամ տրամադրվեց Փաշինյանի քարոզչական արշավները գեներացնելու և այդ արշավներն անմիջականորեն իրականացնող՝ վարչապետի աշխատակազմի «բնականոն» աշխատանքն ապահովելու համար։

