«Չպետք է նստենք ու սպասենք. լրագրողները պետք է միասնական դառնան. «հեռացող իշխանությունն իր լպիրշ արարքները շատացնում է». Սևակ Հակոբյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ»:
Այնուհետև նախկին լրագրող, իսկ այժմ իշխանական պատգամավորը մանրամասն նկարագրել էր միության շենքը, գտվելու վայրը։
«Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։
Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։
Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»,- գրել էր նա։
Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր, մտավորական, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանի բնորոշմամբ՝ լրատվամիջոցների և առհասարակ Ժուռնալիստների միության հետ տեղի ունեցողն իշխանությունների նախասիրությունների արդյունքն է։
«Ուշադրություն դարձրեք, այս ճնշումները միայն ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ են տեղի ունենում։ Ժուռնալիստների միության նկատմամբ ինչ անում են, ապօրինի է, իշխանությունները դիմել են ապօրինի քայլերի, տեսեք՝ ինչ քայլեր իրականացրեցին ՀԷՑ-ի նկատմամբ։ Հիմա էլ հստակ անցել են հասարակական կազմակերպություններին։
Ափսոս, Հայաստանում չկան այնպիսի միություներ, ինչպես կան տարբեր երկրներում, որոնք հստակ գնահատական կտան իշխանությունների քայլերին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սևակ Հակոբյանը։
Ըստ նրա, իշխանությունը պատրաստ է դիմելու տարբեր կամայական քայլերի, միայն թե իր ծրագիրն առաջ տանի։
«Մի ասացվածք կա, ասում է՝ «հեռացող իշխանությունն իր լպիրշ արարքները շատացնում է»։ Հիմա այս բոլոր կամայականությունները հեռացող իշխանության քայլեր են, սա հուսադրող է, որովհետև իշխանությունը հոգեվարքի մեջ է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Սևակ Հակոբյանը նաև նկատեց՝ չպետք է սպասել, մինչև բոլոր ընդդիմադիր լրագրողներին մեկ առ մեկ ձերբակալեն, իշխանությունների ապօրինությունների մասին պետք է հստակ բարձրաձայնել միջազգային տարբեր հարթակներում։
«Որտեղ այս իշխանությունը ժողովրդավարություն է ծախում, հենց այնտեղ պետք է ներկայացվեն իրենց ապօրինի քայլերը։ Կրկնում եմ՝ չպետք է նստենք ու սպասենք, որ բոլորին ձերբակալեն, պետք է նախապես մեր քայլերն անենք, որպեսզի իշխանությունը մինչև ապօրինություններ թույլ տալը երկու անգամ մտածի։
Ցավոք, մեր միասնականության մասին վատ կարծիք ունեմ, բայց վստահ եմ, որ մեր գործընկեր լրագրողները կդառնա միասնական ու կպայքարեն անօրինությունների դեմ»,- ընդգծեց Սևակ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր և դրա վերաբերյալ գրություններ էին ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։
Որոշումները ստանալուց հետո Գրողների և նկարիչների միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու Դատախազության որոշումը։ Նրանց կարծիքով՝ նման որոշում կայացնելն իրավաչափ չէ։
Այս պահին ընթանում են դատական նիստեր։
