Կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման փաթեթը

Հայաստանի կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նախագծերն արդեն ուղարկվել են Ազգային ժողով: Նաև մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթն անհետաձգելի ռեժիմով քննարկելու նախագիծը։ Մենք այս բարեփոխման վրա 3 տարի նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ ենք աշխատել, այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է, և, ըստ էության, մենք ունենք կոնսենսուս, համաձայնեցված նախագիծ, որն, իհարկե, Ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ավանեսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարծիքներ են եղել, որ նախագիծը պետք է գործարկել ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, այլ ավելի ուշ ժամկետից, սակայն ինքն այդ դիրքորոշմանը կողմ չէ:

«Պարզ է, որ բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ՝ համակարգը ո՞նց կսկսի աշխատել, բայց մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, որ չկա այդպիսի բարեփոխում, որ խնդրի չհանդիպի, բարեփոխումը մեկնարկում է այդ կետից: Մենք առանց այն էլ հետաձգել ենք, ի սկզբանե այս տարվա հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք»,- նշեց վարչապետը:

Առողջության համընդհանուր ապահովագրության նախագիծն Ազգային ժողովում քննարկվելու և ընդունվելու դեպքում կգործի 2026 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով՝ այն կմեկնարկի 2026թ․-ին և կավարտվի 2028թ․-ին։ 2026 թվականին առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18տ․ երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65տ․ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200 հազար դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ և այլ եկամուտներ ունեցող անձինք: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի առաջին փուլից կօգտվի շուրջ 1 մլն 600 հազար քաղաքացիներ, որոնք վերջին 183 օրն ապրել են Հայաստանում։

Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027 թվականին, երրորդը՝ 2028 թվականին, ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129․600 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս