Ֆիլիպինները ավելի քան 1900 զինվորականի ներգրավել է թայֆունից տուժածներին օգնելու գործողություններում
Ֆիլիպինների զինված ուժերը դադարեցրել են DAGIT-PA զորավարժությունները և ընդհանուր առմամբ 1911 զինծառայողի տեղակայել՝ Ֆունգ-վոնգ թայֆունից տուժածներին օգնելու համար։
Այս մասին հաղորդում է PNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ֆիլիպինների զինված ուժերի խոսնակին։
«Զինված ուժերը կենտրոնացրել են իրենց ջանքերը Լուսոնի հյուսիսային, հարավային և կենտրոնական շրջաններում տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու վրա՝ դադարեցնելով ընթացող զորավարժությունները, որպեսզի ուժերն ուղղորդեն մարդկանց փրկելու համար», – նշել է խոսնակը։
Նշվում է, որ փրկարարական գործողություններում ներգրավվել են Ֆիլիպինների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ։ Անհրաժեշտության դեպքում փրկարարական գործողություններին պատրաստ են միանալ նաև 3200-ից ավելի զինծառայողներ և պահեստազորայիններ։ Գործին ներգրավված է նաև ռազմական տեխնիկա։
Զինված ուժերի մամուլի ծառայության տվյալներով՝ զինվորականներն արդեն օգնություն են ցուցաբերել ավելի քան 175000 տուժածների։
Ֆունգ-վոնգ անունով հայտնի թայֆունի պատճառով շուրջ մեկ միլիոն մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից։ Երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։

