Ես շատ վտանգավոր եմ համարում այն, որ Փաշինյանը սկսել է խոսել Արծվաշենի մասին. Լևոն Զուրաբյան
«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները». Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել էր Նիկոլ Փաշինյանը։
Վերջինի առնչությամբ 168․am-ը հարցադրումներ ուղղեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։
«Նախ ասեմ, ես շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արծվաշենի վերադարձի մասին,- ի պատասխան՝ նախ նշեց Լևոն Զուրաբյանը, ապա պարզաբանեց,- Դա նշանակում է մի բան՝ որ ինքն արդեն պատրաստվում է, կամ՝ նրանից արդեն պահանջում են, որ ինքը վերադարձնի այն երեք անկլավները՝ Տիգրանաշենը, Տավուշի մարզի անկլավները։
Սա շատ վտանգավոր զարգացում է, և հերթական անգամ ցուց է տալիս Ադրբեջանի դիկտատը Հայաստանի նկատմամբ։ Այսօր մի լուծում կա՝ մենք կա՛մ պետք է փոխանակենք այդ անկլավները, քանի որ դրանք մեզ համար շատ կարևոր, ստրատեգիական նշանակության ճանապարհների վրա են, ու պարզվելու է, որ այդ ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչը, կարծում եմ, շատ վտանգավոր բան է։ Արծվաշենն այդ առումով ոչ մի խնդիր չի ներկայացնում Ադրբեջանի համար․ այն շատ կտրված կղզյակ է, որը ստրատեգիական առումով որևէ բարդացում չի առաջացնելու Ադրբեջանի համար»:
Զուրաբյանի գնահատմամբ, եթե այս անվստահության պայմաններում Հայաստանը գնա նման փոխանակման, ապա դա զգալիորեն վնասելու է Հայաստանի շահերն ու անվտանգությունը։
«Դրա համար այսօր ես տեսնում եմ երկու հնարավոր լուծում․ մեկը՝ փոխանակում․ ուղղակի փոխանակել անկլավները՝ այդ անկլավների տարածքային գումարը մոտավորապես նույնն է՝ 38-40 քկմ-ի մասին է խոսքը, կամ՝ այդ հարցը հետաձգել երկարաժամկետ առումով և զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության կառուցման միջոցառումներով։ Եվ արդեն գուցե տասնամյակներ հետո, կամ ավելի շուտ մենք կարող ենք անդրադառնալ այդ հարցին:
Կա՛մ փոխանակել, կա՛մ հետաձգել. սա է լուծումը: Այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, հերթական հարվածն է Հայաստանի անվտանգությանը»,- ասաց Զուրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

