Իմ հայցը միայն մի նպատակ է ունեցել՝ պաշտպանել Հանրային ռադիոյի աշխատակիցների ազատ խոսքի իրավունքը, ինչն ունեցել ենք ռադիոյում տասնամյակներ շարունակ․ Ալիսա Գևորգյան. ABC media
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է լրագրող Ալիսա Գևորգյանի հայցն ընդդեմ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի՝ անվավեր ճանաչելով վերջինիս որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին։
Հանրային ռադիոյի արդեն նախկին աշխատող Ալիսա Գևորգյանն ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ իր հայցը միայն մի նպատակ է ունեցել՝ պաշտպանել Հանրային ռադիոյի աշխատակիցների ազատ խոսքի իրավունքը, ինչն իրենք ունեցել են ռադիոյում տասնամյակներ շարունակ։
«Ես միայն մի բան կարող եմ ասել․ կարծիքդ քո անձնական էջում գրելը հանցագործություն չպետք է լինի, մանավանդ, որ ես 30 տարի աշխատել եմ մի կառույցում, որտեղ ազատ խոսքը երբևէ սահմանափակված չի եղել։ Ուրախ եմ, որ իմ սկզբունքներն ու պատկերացումներն արդարության մասին չեն հակասում նաև Հանրային ռադիոյի գործող կարգին և օրենքներին։ Ափսոսում եմ, որ ռադիոյում ազատ խոսքն այլևս նորաձև չէ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ հավելելով․ «Հանրային ռադիոյի մասին ավելին ասել չեմ ուզում, որովհետև այն շարունակում է մնալ իմ հարազատ ՌադիոՏՈՒՆԸ, որտեղ ինձ շատ սիրելի ու հարազատ մարդիկ են աշխատում»։
Ալիսա Գևորգյանի փաստաբան Կարինե Ղաշանգյանը Facebook-ի իր էջում գրել էր. «29 տարվա աշխատանքային փորձ ունեցող արդեն նախկին աշխատակցին նկատողություն էին տվել միայն նրա համար, որ «համարձակվել» էր կիսվել իր գործընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառմամբ»։
Հիշեցնենք, որ նկատողության հիմքում հետևյալ գրառումը տարածելն էր. «Երբեք մտքովս չէր անցնի, որ կապրեմ մի երկրում, որտեղ առաջին դեմքն ընդդիմախոսներին պատասխանում է անձնական բանսարկություններով և փողոցային բառապաշարով»։
Նշենք, որ Ալիսա Գեւորգյանը 44–օրյա պատերազմում կորցրել է որդուն՝ Դավիթին։

