Եթե ՀՀ-ն միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժnվ մաքրել միջանցքի տարածքը, հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել ՌԴ կամ ԱՄՆ վերահսկողությանը․ ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանը պետք է լուրջ բանակցություններ վարի Թուրքիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ։ Մենք չպետք է ազգային շահերը կապենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, Teleqraf-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։ Այս մասին փոխանցում է Խրոնիկա Կավկազա-ն։
Նրա խոսքով, եթե Հայաստանն օպերատիվ կերպով միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը-խմբ.), իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն»:
Հասանգուլիեւը նշել է, որ Հայաստանը փորձում է հարեւանների հետ հաղորդակցությունները բացել իր համար շահավետ պայմաններով, բայց չնայած Նախիջեւան տանող ճանապարհի մշտական քննարկումներին, իրական քայլեր դեռեւս չի ձեռնարկում
«Վաշինգտոնյան հռչակագրից հետո հույսեր կային, որ ճանապարհի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, սակայն հիմա մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ փաստաթղթի ստորագրումից հետո նրանք հանդարտվել են»,-հավելել է պատգամավորը:
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է առաջարկել խաղաղության հուշագիր ստորագրել այն պայմանով, որ Հայաստանը շտապ սկսի դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը և մոտ ապագայում պարտավորություն ստանձնի համապատասխան փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ:

