Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։ Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է:
Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։ Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն:

