ԿԳՄՍՆ-ի հերթական՝ թվով 18-րդ դրամաշնորհը հոգեզավակ հիմնադրամին, որ 5 միլիոն դրամով կազմակերպի «Կերպի Ձևը» ցուցահանդեսը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի թվով 18-րդ դրամաշնորհն է հատկացրել հոգեզավակ կառույցին՝ Մշակույթի զարգացման հիմնադրամին։
«Աջակցություն թանգարանային միջոցառումների իրականացմանը» միջոցառման շրջանակում Երևանի նորաձևության շաբաթվա ընթացքում թանգարանների «Կերպի ձևը» ցուցահանդեսի իրականացման նպատակով նախարարությունը 5 միլիոն դրամ է հատկացրել հիմնադրամին։
Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այս գումարի շրջանակում նախատեսված է ապահովել 30 մանեկեն, ցուցահանդեսի վերաբերյալ նյութերի գովազդ ֆեյսբուք ու ինստագրամ ցանցերում, բուկլետներ, բաներներ, պաստառներ, շարժական պատ, հյուրասիրություն 175 անձի համար։
Իսկ ցուցադրություններ լինելու են 4 թանգարաններում, որոնց մաս են դառնալու Հայաստանից ու Սփյուռքից թվով 30 դիզայներների աշխատանքներ՝ ոգեշնչված թանգարանային հավաքածուում պահվող արվեստի գործերից՝ Սարյանի, Սուրենյանցի, Այվազովսկու, Ժանսեմի և այլ վարպետների կտավներից։
Անցկացման ժամկետ է նշվել հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 25-ը, վայրերը՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների, Սերգեյ Փարաջանովի և Ռուսական արվեստի թանգարանները։
«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի, միջազգային և տեղական գործընկերների հետ համատեղ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2024 թվականի տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ այս ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին, ասել է թե՝ հենց նախարարությունների գործառույթներն իրականացնելու համար։
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ 2024 թվականի փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»,- ասել էր նա։
Ավելի ուշ արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը: Նշենք՝ հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։ Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել։
Նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։
Ի դեպ, Մշակույթի զարգացման հիմնադրամը գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում՝ 8-րդ հարկում։

