«1918-ի մայիսի 28-ին մենք ազգովի քննություն էինք հանձնում». Սերժ Սարգսյան
Սարդարապատի հուշահամալիրում քիչ առաջ մեկնարկեց Առաջին Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսը: Մինչ զորահանադեսը կսկսեր, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում և Սարդարապատում հայ ժողովուրդը ճակատագրական քննություն էր հանձնում. «Հանձնում էինք ազգովի՝ մեծով ու փոքրով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով. բոլորով: Այստեղ մենք դիմագրավեցինք ու հետ շպրտեցինք թշնամուն, որի հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ոչ պատրանքներ, ոչ կասկածներ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ է, հանդիսավոր արարողություն, Հայաստանի համար այն ծանր երկունք է:
«Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու՝ արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ մղելով: 1918 թ. մայիսի 28-ն արձանագրումն էր մեր ֆիզիկական փրկության ու քաղաքական վերածնունդի, ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը դրսևորվեց նաև արցախյան գոյամարտում, մեծ հայրենականի ժամանակ: մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը»,- շեշտեց նախագահը:
«Պարույր Սևակն ասում էր՝ դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից: Մենք կարիք ունենք հիշեցնելու, երիտասարդ սերնդին փոխանցելու կարևոր պատգամներ: Եղեք միասնական, պետականորեն կազմակերպված, ապավինեք սեփական ուժերին: Այս պարագայում մենք ի զորու ենք վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անխախությունը ու տանել այն դեպի լուրջ բարձունքներ: Մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով, որպես հերոս պապերի ժառանգոդներ»,- ասաց Ս.Սարգսյանը:
Այստեղ են գտնվում նաև Կառավարության անդամները, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ: