Մասկը կհեռանա Tesla-ից, եթե իրեն չվճարեն 1 տրիլիոն դոլար
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարող է լքել Tesla-ում գործադիր տնօրենի պաշտոնը, եթե առաջարկվող 1 տրիլիոն դոլարի աշխատավարձի փաթեթը չհաստատվի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Tesla-ի նախագահ Ռոբին Դենհոլմի՝ բաժնետերերին ուղղված նամակը։
Առաջարկվող «կատարողականի վրա հիմնված ծրագիրը» մշակվել է Մասկին պահելու և մոտիվացնելու համար, որպեսզի նա շարունակի ղեկավարել Tesla-ն առնվազն ևս 7,5 տարի, ասել է Դենհոլմը նամակում։
Դենհոլմը նշել է, որ Մասկի առաջնորդությունը «խիստ կարևոր է» Tesla-ի հաջողության համար, և զգուշացրել, որ առանց նրան պատշաճ կերպով խրախուսող ծրագրի՝ ընկերությունը կարող է կորցնել նրա «ժամանակը, տաղանդը և տեսլականը»։
Նամակում Դենհոլմը նշել է, որ Մասկի դերը կենսական նշանակություն ունի, քանի որ Tesla-ն ձգտում է դառնալ արհեստական բանականության և ավտոնոմ տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար։
Tesla-ի խորհուրդը տարիներ շարունակ քննադատության է ենթարկվել Մասկի հետ սերտ հարաբերությունների պատճառով: Դելավերի դատարանը 2025 թ. սկզբին չեղյալ է հայտարարել 2018 թվականի նրա աշխատավարձի պայմանագիրը՝ պարզելով, որ այն անօրինական կերպով է շնորհվել, և որ դրա շուրջ բանակցել են այն տնօրենները, որոնք լիովին անկախ չեն եղել:

