«Սա խելագարություն է, փաստորեն Նիկոլը բացառում է». Հայկ Նահապետյան
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է պետական բյուջեի նախնական քննարկումները։
Երեկ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելով Պաշտպանության նախարարության 2026 թվականի պետական բյուջեից տրվող գումարը, նշեց, որ պաշտպանական ծախսերը կրճատվել են։ Իսկ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը նույն հանձնաժողովում հայտարարել է, որ՝ «ՀՀ բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, բանակը մարտունակից դարձնում են պաշտպանունակ»։
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել էր՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի բնորոշմամբ՝ անվտանգային ծախսերի կրճատումն արդեն վկայում է ինչ-որ բանի մասին։
«Ստացվում է, որ նախապես պլանավորված ինչ-որ գործառույթներ, միջոցառումներ, զինտեխնիկա, անձնակազմի քանակ, լրացուցիչ պաշտպանական գծեր և այլն, այս բոլորը կարող են մտնել այդ կրճատման տակ։ Սա գաղտնիության տարր ունի, բայց եթե կրճատում են, ապա կրճատումը հենց այդ ամենի մասին է խոսում։
Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու են հունվարի 1-ից, հիմա են ասում՝ 6 ամսով կրճատում, գուցե մինչև ընտրություններ, օրինակ, ծառայությունը դարձնեն 6 ամիս՝ 1 տարի էլ կրճատեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պատահական չի ասում, որ բանակի մարտունակությունը պետք է փոխի պաշտպանունակությամբ, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան ունեն լծակներ Փաշինյանին ստիպելու, որպեսզի բանակը բերի այնպիսի վիճակի, որ հարձակումների ժամանակ որևէ բան չկարողանա անել։
«Տեսականորեն հակառակորդը հարձակվում է քեզ վրա, օկուպացնում է քո տարածքները և այդ օկուպացիայի ժամանակ զինվորականները, օրինակ, Գլխավոր շտաբը որոշում է, որ հակառակորդին մեկ այլ տեղից հարվածել, որպեսզի հիմնական հարվածը թուլացնի։ Փաստորեն սա Նիկոլը բացառում է, ասում է՝ «մեր բանակը միայն պաշտպանողական է, մեր երկրի սահմաններից դուրս ես ոչինչ չեմ անելու», սա խելագարություն է»։
Հիշո՞ւմ եք, 44-օրյա պատերազմի ժամանակ այս նույն մարդը կոչ էր անում խմբեր կազմել, ով տանը զրահաբաճկոն ունի, հետը վերցնի, որ գնան սահման։ կազմավորված բանակի դեմ, այս մարդն ասում էր՝ գնացեք, ջոկատներով կռվեք։ Մեր ազգի ու քաղաքական ընդդիմության սխալն այստեղ էր, որ այս հայտարարությունից հետո այդ մարդը շարունակեց նստել Կառավարության շենքում։ 21-րդ դարում ո՞վ է տեսել՝ ջոկատներով կռվեն։
Հիմա սա է՝ ծախսերն են կրճատում, անձնակազմ, ծառայության ժամկետ, և ամեն ինչ որոշում է այդ մեկ հոգին՝ իր տգիտությամբ, դիլետանտությամբ և Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությամբ։ Ասել եմ՝ այս բոլոր կրճատումների վերջնարդյունքում ունենալու ենք մի բանակ, որը մրցունակ չի լինելու Ադրբեջանի բանակի հետ, ռազմական բանակի հետ։ Իհարկե, դրանից հետո Փաշինյանը կասի՝ պետք է կատարեմ Ալիևի պահանջները, որովհետև մենք պարտվելու ենք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա հիշեցրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը պետք է ունենար մի քանի զինվոր և մի քանի հրանոթ, հիմա էլ ուզում են թողնել մի քանի հազար զինվոր և մի քանի հրանոթ։
«Ցանկացած մարդ գիտի, որ խաղաղություն լինում է այն ժամանակ, երբ երկկողմ ուժերը հավասարակշռված են՝ հաղթողի ու պարտվողի միջև խաղաղության երկու տարբերակ կա՝ պատերազմ կամ կապիտուլյացիա, երրորդը միայն հիմար մտքեր են»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։

