Զինվորի ծնողները չեն հավատում որդու ինքնասպանության վարկածին
Զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքի նախաքննության ավարտից հետո նրա ընտանիքին հնարավորություն չի տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին, նրանց չի տրամադրվել քրեական գործի պատճենը, ինչը նախաքննական մարմնի` գործը վարող քննիչի պարտականությունն է:
Հենց այս պատճառաբանությամբ էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կալեյանի մահվան գործով մայիսի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի միջնորդությամբ` քրեական գործի նյութերին ծանոթանալու և պատշաճ պաշտպանություն իրականացնելու նպատակով:
Չնայած սոցիալական ոչ բարվոք պայմաններին` Հայկի մայրը` Նվարդ Պետրոսյանը փորձել է փաստաբան ներգրավվել գործում որդու մահվան պատճառներն իմանալու, սակայն քննիչը նրան համոզել է, որ փաստաբանը հենց ինքն է և մայրը հավատացել է` հրաժարվելով իրական փաստաբանից: Դատական նիստից օրեր առաջ միայն մայրը տեղեկացավ, որ իրեն խաբել են: Նրանց շահերն այժմ դատարանում կներկայացնի Արթուր Սաքունցը:
Հայկ Կալեյանը բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից և հասցրեց ծառայել ընդամենը 74 օր: Նախաքննության ավարտից հետո գործը դատարան է ուղարկվել «ինքնասպանության» վարկածով: Ըստ պաշտոնական վարկածի զինծառայողն իրեն ամրակցված գնդացրից որովայնի շրջանում 3 կրակոց է արձակել, ինչի արդյունքում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայք»-ը՝ ծնողները չեն հավատում առաջ քաշած վարկածին:
Ի դեպ, մահվան այս դեպքը, որը տեղի է ունեցել 2012-ի սեպտեմբերի 6-ին տեղ չի գտել ՊՆ-ի կողմից արվող պաշտոնական հաղորդագրությունների մեջ: «Մենք մնացինք մեր սգի հետ, մեր դուռը բացող չեղավ», ասել է մայրը: