Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին
Ճապոնիայի կառավարությունը տրամադրված է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների բարդ իրավիճակին: Այդ մասին հայտարարել է երկրի նոր վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնի ստանձնման առիթով խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում:
«Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարդ իրավիճակում, սակայն Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն այն է, որ լուծվի «հյուսիսային տարածքների» (խմբ.՝ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը) խնդիրը և կնքվի հաշտության պայմանագիր», – ասել է նա:
Տակաիչին նաև կրկնել է, որ Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը, որ Տոկիոն դատապարտում է Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից խորհրդակցություններ են վարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության պայմանագրի շուրջ: Դրան տանող ճանապարհին հիմնական խոչընդոտը մնում են տարաձայնությունները Կուրիլյան կղզիների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ:
Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվեց ԽՍՀՄ-ին, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ մանր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Տոկիոյի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ-ն դադարեցրել է Ճապոնիայի հետ խորհրդակցությունները հաշտության պայմանագրի հարցի շուրջ։
Մոսկվան նաև դուրս է եկել Կուրիլյան կղզիների հարավում համատեղ տնտեսական գործունեություն կազմակերպելու շուրջ բանակցություններից, կղզիների ճապոնացի նախկին բնակիչների ուղևորություններն այնտեղ դադարել են:

