Հատուկ ՔՊ-ի մի քանի ոգևորված քարոզիչների համար…Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «ՀԱՆՑԱՎՈՐՈւԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈւՄՐՈւ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գյումրիում տեղի ունեցած ձերբակալությունների հետ կապված «Միասնության թևեր/Wings of Unity» քաղաքական նախաձեռնությունը հատուկ արձանագրում է, որ օրենքի որևէ խախտում, առավել ևս որևէ հանցանք չի կարող անպատիժ մնալ։

Պարզապես ՔՊ կուսակցության դեպքում հարցն ունի յուրահատկություն. պետությունը ծառայեցվում է կուսակցության շահերին, իսկ քրեական հետապնդումը մահակ է՝ քաղաքական հաշվեհարդարի ու քաղաքական հետապնդման կնիքով։

Եկեք հասկականք միասին։

Սկզբում քաղաքական բարձր մակարդակում որոշվում է թիրախ-հակառակորդը՝ ապագա քաղաքական զոհը։

Դրանից հետո սկսում են նրան հետևել՝ ճիշտ այնպես, ինչպես գիշատիչը՝ զոհին։ Օգտագործելով իրավապահ մարմիններին և քրեական վարույթը՝ հավաքվում են տարբեր կոմպրոմատներ հակառակորդների անձնական, ընտանեկան, աշխատանքային կյանքի կամ այլ հարցերի վերաբերյալ, և պահվում ՝ ի շահ ՔՊ-ի հարմար պահին օգտագործելու համար։

Այս ընթացքում ՔՊ-ի քաղաքական թիմը ԱԺ-ի ամբիոնից, սոցիալական ցանցերում կամ այլ հարթակներից սկսում է ինտենսիվ արշավ զոհի դեմ՝ վարկաբեկող բառերով, հայհոյանքներով։

Դա շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ ղեկավարը որոշում չի կայացրել, որ արդեն պետք է գործել։
Ի՞նչ է տեղի ունենում հետո։

Ձերբակալելու նպատակով «զոհի» գտնվելու վայր են ուղարկվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք, որպես կանոն, լինում են դիմակավորված, գործում են ուժի բացահայտ ցուցադրությամբ ու դա անում են այնպես, որ ստեղծվի էմոցիոնալ ուժեղ ֆոն, մյուս հակառակորդների ու հավանական զոհերի ու առհասարակ մարդկանց նկատմամբ տարածվի վախ:

Ընդ որում նման յուրաքանչյուր դեպքում ՔՊ-ն ակնհայտ կանխատեսում է, որ իրավապահ մարմինների գործողություններին հաջորդելու են հանրային-քաղաքական գործիչների, իրավապաշտպանների քննադատություններ ու գնահատականներ, որ իշխանությունն իրականացնում է քաղաքական հետապնդում և խախտում օրենքներ։

Իսկ ՔՊ-ն այդ ընթացքում, ինչպես նախապես պլանավորել է, դարանակալած լուռ սպասում է իր քաղաքական հակառակորդների արձագանքներին և հանրային քննարկումներին։

Դրանց հայտնվելուն պես, ըստ քաղաքական հրահանգի, հրապարակվում է Քննչական կոմիտեի կամ, ասենք, Ոստիկանության նախապես համաձայնեցված նյութը (ձայնագրություն, լուսանկար և այլն)՝ նախատեսված ՔՊ-ի կողմից օգտագործման համար։ Այս պահին չենք քննարկում ձայնագրությունը հին է, նոր է, մոնտաժված է կամ ոչ. կարևորը՝ ամեն ինչ ներկայացնել որպես վերջին, ընդ որում՝ միակողմանի ճշմարտություն` անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումով։

Սրանից հետո սկսվում է քաղաքական գրոհը։

Իշխանության քարոզչությունն առաջին պլան է բերում «բացահայտված» հանցանքի թեման։ ՔՊ-ականները սկսում են ամեն կերպ «ցույց տալ», որ արիաբար պայքարում են հանցավորության դեմ, ունեն քաղաքական կամք ու միայն իրենք կարող են նման բաներ անել, միայն իրենք են ժողովրդավար և որ փրկում են Հայաստանի անկախությունը։

Ոգևորությունը չափ ու սահման չի ճանաչում, եթե հանկարծ «հանցանքի» մեջ մեղադրվողը լինում է «նախկին», բայց այնպիսի «նախկին», որ ՔՊ-ի մեջ չէ կամ սերտաճած չէ ՔՊ-ի հետ։

Մարդկանց ուշադրությունը գրավում են տեսանյութով կամ ձայնագրությամբ ու ստացվում է, որ ով իշխանությանը մեկ ժամ առաջ մեղադրում էր քաղաքական հետապնդման մեջ, դառնում է կոռուպցիոներ, թալանչի, հանցանքներ արդարացնող. մի խոսքով՝ «նախկին»։

Անցնում են կատաղի քարոզչության։

ՔՊ կուսակցությունը հնարավորություն է ստանում վարկաբեկելու այն հանրային-քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին, որոնք իրեն «անարդար» մեղադրել են քաղաքական հետապնդումների և օրենքը խախտելու մեջ, իսկ կուլմինացիան լինում է այն, որ հետագայում ԱԺ-ում, քաղաքական այլ հարթակներում այս գործերը կապիտալացվում են՝ հանուն ՔՊ-ի իշխանության, որին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ատելության ու թշնամանքի «նախկին-ներկա» ռազմավարությունը՝ ստեղծելով շղարշ, թե իրենք մեր հասարակության լավագույն ընտրությունն են։

Գյումրու քաղաքապետարանում և քաղաքապետի նկատմամբ այսօր տեղի ունեցածը գծած է նույն սխեմայով։ Առանձնահատկությունն այն է, որ Գյումրիում ՔՊ-ն չի կարողացել ձևավորել քաղաքային իշխանություն, բայց փայփայել է ամեն գնով իշխանություն ունենալու ծրագիր՝ Գյումրու քաղաքապետին «դուրս շպրտելու քաղաքական և հանրային դաշտից» քաղաքական հաշվեհարդարի սպառնալիքներով։

Այս ամենն անձնիշխանության ու կուսակցապետության «բարիքներն են» իրենց ամբողջ հմայքով՝ ժողովրդավարության ու ինքնիշխանության դասական քայքայիչներ։

Հ.Գ. Հատուկ ՔՊ-ի մի քանի ոգևորված քարոզիչների համար` այս հայտարարությունը թարգմանվելու և ուղարկվելու է բոլոր դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին, թե ինչպես է ՔՊ-ն իրենց մոլորեցնում»:

Տեսանյութեր

Լրահոս