
Պետք է հասկանանք՝ ամեն բան լուրջ է, միասնականությունն այս պահին առավել քան երբևէ անհրաժեշտություն է». Տեր Պարգև քահանա Զեյնալյան

Դեռ 2021 թվականի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանն առաջին հոգևորականներից մեկն էր, ով մերժել էր սեղմելու Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը։ Այսպես հոգևորականն իր բողոքն էր արտահայտել նախ՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի, այնուհետև՝ երկրում ստեղծված անվտանգային մարտահրավերների դեմ, որոնց պատասխանատուն բացառապես Նիկոլ Փաշինյանն էր։
Այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից կրկին գրոհ է սկսվել Առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ, տեր Պարգևից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով իր կողմից Նիկոլ Փաշինյանին մերժելը, մտահոգություններ չունի՞, որ իրավապահաները «պատահմամբ» նաև իր հետևից կգնան, քահանան պատասխանեց՝ մտահոգությունների մասին որևէ բան ասել չի կարող։
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից հոգևորականների նկատմամբ իրականացվող քայլերին, քահանայի կարծիքով՝ օրինաչափ է։
«Պետք է այսպես վարվեին՝ ի պատասխան մեր կեցվածքին ազգային հարցերի վերաբերյալ։ Աստված պետք է մեզ ուժ տա այս փորձությունները միասնաբար ու սիրով հաղթահարելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քահանան։
Նա վստահ է՝ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերին կհաջողվի անսասան պահել եկեղեցին։
«Բայց ամեն դեպքում, պետք է հասկանանք, որ ամեն բան լուրջ է՝ միասնականությունն այս պահին առավել քան երբևէ անհրաժեշտություն է։ Ժողովուրդը պետք է կանգնի իր ազգային շահերի, ինքնագիտակցության, իր պատմության, արժեքների պաշտպանության շուրջ, որի հենասյուներից ընդամենը մեկն է եկեղեցին։ Պետք է գաղափարի շուրջ միասնություն լինի»,- շեշտեց տեր Պարգևը։
Նրա դիտարկմամբ՝ այս գործողությունների ընթացքը պարզ ցույց է տալիս, թե իշխանությունների նպատակը որն է։
«Մենք սա չենք գնահատում իբրև անձերի հետ կապված խնդիր, միայն ազգային արժեքների հետ կապված հեռուն գնացող նպատակներով խնդիր է»,- ընդգծեց տեր Պարգև քահանա Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են գտնվում Առաքելական եկեղեցու 3 թեմերի՝ Արագածոտնի, Շիրակի և Տավուշի հոգևոր առաջնորդները և մեկ քահանա։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև Արագածոտնի թեմի առաջնորդարանում։
Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։
Այս պահին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված է։ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նշենք նաև, որ այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։
Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։