Ինչո՞ւ Թրամփը հայտարարեց, թե կարգավորել է հակամարտությունն Ադրբեջանի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում անցկացված մեծ միջազգային աղմուկ բարձրացրած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին առիթը բաց չէր թողել և խոսել էր հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում իր դերակատարումից՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին։

Իրեն բնորոշ տոնայնությամբ Թրամփը մի շարք արտասովոր հայտարարություններ էր արել: Թեքվելով Ալիևի կողմը՝ նա նշել էր․ «Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը, Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞… նրանք կռվել են 32 տարի և մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն, այդպես է, չէ՞։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են»։

Մեծ ուշադրության արժանացավ ԶԼՄ-ներում հանգամանքը, որ Թրամփը Փաշինյանին որակում է Ալիևի «հայրենակից», ինչպես նաև նշում է, որ կարգավորել է խնդիրը հանուն Ադրբեջանի։ Միջազգային լրատվամիջոցներն արձանագրել էին նաև այն պահը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում բեմում ելույթն ավարտող ԱՄՆ նախագահին, ով այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով Խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին: Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը նախ ներկայանում է ԱՄՆ նախագահին, ապա շնորհակալություն հայտնում նրան:

«Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի Ձեզ, և հիմա Դուք…»,- ասել էր Փաշինյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այդ օրը Եգիպտոսը, Քաթարը և Թուրքիան ԱՄՆ նախագահի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի փաստաթուղթ ստորագրեցին: Թրամփի միջնորդությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն ու Իսրայելը համաձայնության եկան խաղաղության առաջին փուլի շուրջ:

Եգիպտոսում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե իբր կարգավորել է հայ-ադրբեջանական հակամարտությունը «հանուն Ալիևի», առաջին հերթին պետք է դիտարկել քաղաքական PR-ի համատեքստում։ Թրամփը հերթական անգամ օգտագործում է միջազգային հակամարտությունները՝ ցույց տալու իր «գործարքային» քաղաքականության արդյունավետությունը՝ հակադրելով իր արտաքին քաղաքական ոճը Բայդենի վարչակազմին։ Այս հայտարարությունը, ի թիվս այլ շերտերի, նաև ուղերձ է Բաքվին, որով Թրամփը փորձում է ընդգծել անձամբ իր ու ԱՄՆ միջնորդության դերակատարությունը Հարավային Կովկասում։ Այս դիրքավորումը Թրամփին թույլ է տալիս բոնուսներ ստանալ ոչ միայն Բաքվից, այլև թուրքական և արաբական որոշ շրջանակներից՝ օգտագործելով այն հակաիրանական քաղաքականության շրջանակում։ Հարավային Կովկասը Թրամփի համար դարձել է խորհրդանշական «հաղթանակի» օրինակ։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունն ԱՄՆ-ի համար վերջին տարիներին զգալիորեն աճել է։

Ըստ նրա, Բաքուն այսօր դիտվում է ոչ միայն՝ որպես էներգակիրների տարանցիկ հանգույց դեպի Եվրոպա, այլև՝ որպես տարածաշրջանային հակակշիռ Իրանի և Ռուսաստանի ազդեցությանը։

«Թրամփի համար Ալիևը՝ իբրև ինքնավստահ դիրքավորվող առաջնորդ, դառնում է հարմար գործընկեր այն պահին, երբ Վաշինգտոնը փորձում է ձևավորել նոր ուժային հավասարակշռություն՝ Մերձավոր Արևելքից մինչև Կասպիցի ավազան։ Այսինքն՝ իր հայտարարություններով Թրամփը կարծես գնահատական է տալիս Բաքվի աշխարհաքաղաքական դերի բարձրացմանը՝ որպես էներգետիկ, տարանցիկ և ռազմավարական ուղիներ վերահսկող պետություն»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Թրամփի հայտարարությունը, նրա խոսքով, նաև ուղղված է Ռուսաստանի և Բրյուսելի դեմ։

«Այն միանշանակ փորձ է ձևավորելու այն ընկալումը, թե հենց Վաշինգտոնն է դարձել խաղաղության գործընթացի իրական նախաձեռնողը։ Այս քայլով Թրամփը հարվածում է թե՛ Մոսկվայի միջնորդական դերին, թե՛ ԵՄ քաղաքական ակտիվությանը՝ փորձելով վերահաստատել ԱՄՆ ներկայությունը Կովկասում։ Իրականում այդ հայտարարությունը քարոզչական է, քան դիվանագիտական, բայց այն բացահայտում է Վաշինգտոնի նոր հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ՝ որպես Կովկասյան առանցքային դաշնակից և Իրանի սահմանային ճակատում ռազմավարական գործընկեր։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Թրամփի համար Հայաստանը հետաքրքիր է իր ծրագրերի առաջմղման շրջանակում, այն, որ հաջողվել է Հայաստանի մասնակցությամբ նման գործարք ունենալ, համաձայնության գալ ՀՀ-ով անցնող ճանապարհին տալ «Թրամփի ուղի» անվանումը, կարևոր է ԱՄՆ ներկայիս վարչակարգի համար քարոզչական, ռեգիոնալ ազդեցության հաստատման ու աղմուկ բարձրացնելու տեսանկյունից։ Թե կոնկրետ առարկայական ինչ կստանա Հայաստանն այս գործարքներից՝ ցույց կտա միայն ժամանակը և այն, թե ինչպես են պայմանավորվածությունները կիրառվում տեղում՝ ռեգիոնում»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա գտնում է, որ գլոբալ հակամարտությունների սրման ֆոնին Արևմուտքի համար Եվրոպայի էներգետիկ անկախացման գործընթացում Բաքուն դառնում է դերակատար՝ հատկապես Ռուսաստանի դեմ էներգետիկ մրցակցությունում։ «Թրամփը, իր բիզնես-մտածողությամբ, հակամարտության կարգավորումը ներկայացնում է՝ որպես գործարք, որից հստակ ակնկալիքներ է ունենալու՝ ֆինանսական ու աշխարհաքաղաքական։

Թրամփը միջազգային հարաբերությունները տեսնում է ոչ թե արժեքային, այլ շահերի բալանսի հարթության վրա։ Նրա ձևակերպումը ոչ թե բարեկամական ժեստ է, այլ ազդակ, որ ԱՄՆ-ի շահերը պետք է ամրապնդվեն։ Բացի այդ, Վաշինգտոնի նոր քաղաքականությունը Կովկասում՝ Թրամփի նախաձեռնությամբ կամ առանց դրա, ձգտում է վերահսկել Իրանի հյուսիսային սահմանային միջավայրը։ Ադրբեջանը դառնում է այդ վերահսկողության «հենակետը» մի շարք առումներով։ Հետևաբար՝ Թրամփի համար հակամարտության կարգավորումը հանուն Ադրբեջանի նշանակում է նաև հանուն Իրանի մեկուսացման ամերիկյան ծրագրի»,- ասաց նա։ Թրամփն, ըստ վերլուծաբանի, թուրքական ուղղության քաղաքականությունը միշտ դիտել է շահերի տեսանկյունից։

«Ադրբեջանը Թուրքիայի հետ դառնում է ամերիկյան ազդեցության փոխանցման ուղի՝ առանց Անկարայի հետ բացահայտ ճնշումների։

Այս իմաստով այս ամենը նաև դիվանագիտական ուղերձ է Թուրքիային․ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Անկարայի ազդեցության գոտիներում, եթե դրանք համընկնում են ամերիկյան շահերին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս