
Ուկրաինային Tomahawk-ների մատակարարումը կվնասի ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին. Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ զրույցից

Կրեմլը բովանդակալից և անկեղծ է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որը տևել է մոտ երկուսուկես ժամ։
Հեռախոսազրույցի մասին մանրամասներ է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ Կրեմլի կայքում տարածված հաղորդագրության՝ Պուտինը զրույցը սկսել է՝ շնորհավորելով Թրամփին Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու նրա ջանքերի հաջողության համար։
«Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտ է դրվել ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերի վրա։ Վլադիմիր Պուտինը մանրամասն գնահատական է տվել ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով ռուսական կողմի շահագրգռվածությունը խաղաղ քաղաքական-դիվանագիտական լուծման հասնելու հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Ուշակովի՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «լիակատար վերահսկողություն ունեն ռազմավարական նախաձեռնության նկատմամբ» շփման գծի ողջ երկայնքով։
«Այս պայմաններում Կիևի ռեժիմը դիմում է ահաբեկչական մեթոդների՝ հարվածելով քաղաքացիական թիրախներին և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնց մենք ստիպված ենք համապատասխանաբար արձագանքել», – նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ զրույցի ընթացքում Թրամփը բազմիցս ընդգծել է Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ Սպիտակ տան ղեկավարը նաև հիշատակել է իր հաջողությունները ութ տարբեր տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում՝ շեշտելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը ամենադժվարն է լուծել։
Ըստ հաղորդագրության՝ Թրամփը հատուկ շեշտել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը կբացի «հսկայական» հեռանկարներ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար։Բարձրացվել է նաև Ուկրաինային հեռահար Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։
«Վլադիմիր Պուտինը կրկնել է իր թեզը, որ Tomahawk-ները չեն փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների միջև հարաբերություններին, չհաշված խաղաղ կարգավորման հեռանկարները», – նշված է հաղորդագրության մեջ։
Նախագահները քննարկել են ևս մեկ անձնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Ըստ Ուշակովի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ներկայացուցիչները անմիջապես կսկսեն պատրաստվել գագաթնաժողովին, որը կարող է անցկացվել, օրինակ, Բուդապեշտում։
Պուտինը նաև բարձր է գնահատել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի անձնական ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու համար։
Հեռախոսազրույցի մասին մանրամասներ էր հայտնել նաև Դոնալդ Թրամփը։