
Ինչո՞ւ են որոշել 87-ամյա մարդուն մեղադրել պետական դավաճանության ու իշխանազավթման մեջ՝ ցույց կտան հետագա զարգացումները. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Երեկ ադրբեջանական մամուլում ուշագրավ լուր տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ, նաև Նախիջևանյան կլանի ղեկավար համարվող 87-ամյա Ռամիզ Մեհտիևի նկատմամբ դատարանը չորս ամսվա տնային կալանք է սահմանել։ Մեհտիևը մեղադրվում է իշխանության բռնազավթման կամ պահպանման, պետական դավաճանության, կեղծ ձեռնարկատիրական գործունեության հոդվածներով։
Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո՝ 1995-ից մինչև 2019 թվականը, Ռամիզ Մեհտիևը ղեկավարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին ընդունված էր համարել, որ Մեհտիևն է փաստացի ղեկավարել երկիրը։
Մեհրիբան Ալիևան՝ 2017 թվականին առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, արշավ սկսեց Մեհտիևի և Նախիջևանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ։ Դա կլանային պայքար էր, որի շնորհիվ Փաշաևները նոր լծակներ ձեռք բերեցին պետական համակարգում։ Արդյունքում, 2019-ին Մեհտիևը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Փաշաևների կլանի երիտասարդ կադրին։ Այդուհանդերձ, Մեհտիևը արժանացավ պարգևների Իլհամ Ալիևի կողմից և ուղարկվեց վաստակած հանգստի՝ զբաղեցնելով ԳԱԱ նախագահի պաշտոնը։
Փաստացի, ըստ մեղադրանքների, ստացվում է, որ նա պետական դավաճան է, ով 24 տարի շատ կարևոր պետական պաշտոն է զբաղեցրել այդ երկրում։ Ավելին, նա այդ պաշտոնը զբաղեցրել է թե՛ հայր Ալիևի, թե՛ որդի Ալիևի օրոք։ Տարօրինակ է՝ իշխանության բռնազավթման մեղադրանքը. այդ ումի՞ց է բռնազավթել, եթե հենց Ալիևներն են նրան պաշտոն տվել։ Մի խոսքով, շատ ուշագրավ պատմություն է։
Կուզեմ հիշեցնել մեկ այլ դրվագ, որը տեղի է ունեցել մոտ երեք տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարին, հենց նույն Մեհտիևի հետ։ Այդ ժամանակ նա հրաժարական տվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնից։ Նա իր հրաժարականի տեքստում հայտարարել էր, որ այսուհետ նստելու է տանը և գրքեր է գրելու։ Այդ օրերին աննախադեպ արշավ մեկնարկեց Մեհտիևի դեմ, որի ընթացքում Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը անգամ նշել էր. «Մեհտիևը հայկական ընտանիք ունի, և նա մշտապես ծառայել է հայերին և նրանց ռազմավարական նպատակներին»։ Դա աննախադեպ մեղադրանք էր պետական բարձր պաշտոն զբաղեցրած Մեհտիևի նկատմամբ, ով, ի դեպ, իր «գիտական» աշխատություններում և հանրային խոսքում ակնհայտ կեղծարարությամբ է զբաղվում՝ հատկապես հայերի հետ առնչվող դրվագներում։ Ուստի, հայերի շահերը սպասարկելու մեջ մեղադրելու իրական որևէ առիթ չկար. փաստերը խոսում են նրա ընդգծված հակահայկականության մասին։ Բայց հայ լինելու մեջ մեղադրելը լավ և վճռական միջոց է Ադրբեջանում մարդուն «անարգելու» համար։ Մեհտիևը դրանից երկու օր անց հրաժարական տվեց։
Հիմա փաստացի սկսվում է նրա դեմ արշավի մի նոր արար։ Բայց ինչո՞ւ են որոշել 87-ամյա մարդուն մեղադրել պետական դավաճանության ու իշխանազավթման մեջ՝ ցույց կտան հետագա զարգացումները։
Իմիջայլոց, այսօր լրացավ Իլհամ Ալիևի կառավարման 22-րդ տարին…»։