
Գազայում հրադադարի պահպանմանը կհետևի 200 ամերիկացի զինծառայող. Սպիտակ տուն

Մերձավոր Արևելքում արդեն տեղակայված ամերիկյան զորքերը միջազգային առաքելության շրջանակում կհետևեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պահպանմանը։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Պաշտոնյան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում 200 զինծառայողի։
«Սա ճիշտ չէ, և կտրված է համատեքստից, – գրել է նա X-ում։ – Թույլ տվեք հստակեցնել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (խմբ.՝ գործողությունների տարածքը հիմնականում ներառում է Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան) արդեն տեղակայված մինչև 200 ամերիկացի զինծառայողներ կհսկեն Իսրայելում խաղաղության համաձայնագրի պահպանումը և կհամագործակցեն այնտեղ տեղակայված այլ միջազգային ուժերի հետ»։
Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ «խաղաղության պատմական համաձայնագիրը պահպանելու համար Իսրայել են ուղարկվում ամերիկյան զորքեր»։
The Associated Press-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հաղորդել էր Իսրայելում մոտ 200 ամերիկացի զինծառայողի տեղակայման մասին։ Իր հերթին, Reuters-ը նշել է, որ ամերիկյան զորքերը ուղղակիորեն չեն տեղակայվի պաղեստինյան անկլավում։
Reuters-ի աղբյուրների համաձայն, միջազգային առաքելության մեջ կներառվեն զորքեր Եգիպտոսից, Կատարից, Թուրքիայից և, հնարավոր է, Արաբական Միացյալ Էմիրություններից։