
Իհարկե, Արցախի էջը փակ չէ. նայե՛ք՝ ինչ առաջարկներ կան ԱՄՆ Կոնգրեսում, Ռուսաստանում. Սերժ Սարգսյան
«Այո՛,Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար: Իհարկե, չեն կարողանալու: Իմ կարծիքով՝ հանձնաժողովականներին ասել են՝ հանգիստ աշխատե՛ք և գիտակցաբար թույլ են տվել, որ Հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար: Այնուհետև ասել են՝ որ խախտել եք, էլ ինչի՞ եք բերում Ազգային ժողով, ուղարկեք արխիվ»,- այսօր այսպես կոչված «Իսակովի հողերի» գործով Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցած դատական նիստից հետո ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով 44-օրյապատերազմի արդյունքների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը ՔՊ-ի կողմից արխիվ ուղարկելուն:
Նա նաև հավելեց՝ այնտեղ ի՞նչպիտի գտնեն,բացի իրենց մեղքերից:
«Գլխավոր հրամանատարն ինքն է, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները: Իհարկե,կարող են ասել՝ բանակում այսպես էր կամ այնպես էր, բայց նրանց պիտի ասել՝ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Պաշտպանության նախարարը երբեք չեն ասել՝ մեր Զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկն են: Բա էդ ո՞նց եղավ, որ տարածաշրջանում ամենաազդեցիկն էին, բա ո՞նց եղավ, որ միջմարտական դիրքի գրավման համար անմարտունակ բանակի 71 զինվորի ու սպայի պարգևատրեց «Մարտական խաչով»: 3 նախագահները միասին վերցրած՝ այդքան «Մարտական խաչ չեն շնորհել»…Այնպես որ լավ են արել, որ արխիվ են ուղարկել, թող դեռ մնա…»,-ասաց 3-րդ նախագահը:
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին էլպատասխանեց՝ «Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին, ասել է Սերժ Սարգսյանը:Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով: Երբ դրա ժամանակը մեր կարծիքով գա, մենք մեր որոշումը կհայտնենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ որն է իմպիչմենտի գործընթացի հաջորդ փուլը,Սերժ Սարգսյանը նախ ասաց՝ այդ հարցի հասցեատերն ինքը չէ, բայց և հավելեց՝ ինքը տեղյակ է, որ այս փուլում խնդիրը չեզոք պատգամավորներին համոզել, որ միանան անվստահության գործընթացին:
Սերժ Սարգսյանը նաև վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Արցախի էջը փակված չէ:
«Նայեք, թե ԱՄՆ կոնգրեսականներն ինչ առաջարկություն են մտցրել Կոնգրես, նայե՛ք, թե ռուս վերլուծաբաններն ինչպիսի վերլուծություններ են արել և ի՞նչ առաջարկներ ունեն: Ես չեմ ասում, որ դրանք այս պետությունների կողմից կանխորոշված հանգամանքներ են, բայց կարևոր են: Արցախը կմնա հայկական, եթե մեր բոլորի ուղեղների մեջ այն լինի հայկական»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը:
Կրկին պատասխանելով Ալմա- Աթայի հռչակագրի ու Արցախը տարածքային վեճ դիտարկելու այս իշխանությունների դիրքորոշման վերբաերյալհարցերին՝ Սերժ Սարգսյանը նկատեց՝ փրփուրներից են կախվում:
«Ալմա- Աթայի հռչակագիրը հիմք չի կարող լինել: Ալմա- Աթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան: Բա ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում, ինչի՞ են նորից անում դա: Էս մարդիկ ուժի զոռով ուզում են ուտեցնել մեր ժողովրդին»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաղաղության հայեցակարգին», Սերժ Սարգսյանը մեկնաբանություն չուներ,ասաց՝ տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, և երբ 1-ին նախագահը մանրամասնորեն այն կներկայացնի, ինքը գուցեև թեթևակի կարող է անդրադառնալ:
«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞«Թրամփի ուղի» դիլեմա էլ Սերժ Սարգսյանի համար չկա, քանի որ «բացի Հայաստանի կառավարչից՝ Նիկոլ Փաշինյանից, բոլորն աշխարհում այդ ճանապարհն անվանում են «Զանգեզուրի միջանցք»»:
«Ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքներն իրականացնելու ձգտմանը, բայց դրանք չպետք է ուրիշներին ճնշեն: Էսօրվա Հայաստանի կառավարիչն ասում է՝ ուզում եք՝ Թուրանը միանա, դե թող միանա: Անկեղծ չեմ հասկանում, թե ինքը որ երկրի կառավարիչն է:
Խոսելով Միքայել սրբազանի ազատազրկման մասին՝ 3-րդ նախագահն ասաց՝ ոչ միայն խոսքի համար բանտ նստեցնելն է անհեթեթություն, այլև այն, որ այդ խոսքը տեղ էլ չի հասել:
«Ես Միքայել սրբազանի հետ վերջին 7 տարիների ընթացքում առիթ էլ չեմ ունեցել շփվելու: Այսինքն՝ Միքայել սրբազանն այնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որ ես մի գեներալ գտնեմ, որպեսզի ռազմական հեղաշրջո՞ւմ լինի: Մարդ է, խոսք է,ասել է: Էդ ասելու համար որ նստեցնելը լավ է, ինքը՝ Փաշինյանը, 140 անգամ պիտի նստած լիներ»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նաև հերքեց այն տեղեկությունները, որ իր գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) հետ միասին պետք է մասնակցի ընտրություններին: Ասաց՝ անգամ նման քննարկում չի եղել:
Ինչ վերաբերում է այս դատական նիստին ու այնտեղ քննվող վարույթին,3-րդ նախագահն ասաց՝ «Այն իշխանությունը,այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ փորձում են վաճառել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ, այնինչ այդ հողերն ունեն շատ կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա»:
«Ձեր կարծիքով՝իրենք ինչո՞ւ են ասում՝ Եռաբլուրին հարակից տարածքներ: Կարո՞ղ է հայերեն լավ չեն հասկանում: Հայերենում հարակից նշանակում է՝ շատ մոտիկ, չէ՞: Որևէ կերպ հնարավո՞ր է այստեղից գնացող ձախակողմյան տարածքն անվանել Եռաբլուրին կպած»,-տարակուսեց 3-րդ նախագահը:
Վերջինս սակայն ասաց՝ ինչու են վաճառվելայդ հողերը:
«Ես որ կառույցներում ծառայել եմ, միշտ փորձել եմնխաստել այդ կառույցների կայացմանը, այդ թվում նաև շենքերի, շենքայինպայմանների բարելավման առումով: Ես խորապես համոզվածեմ եղել, որ ՀՀ-ում Զինված ուժերն արժանի են ունենալ Պաշտպանության նախարարություն և ՊՆ համալիր: Ընդ որումայդ աշխատանքները ես սկսել եմ իմ՝ առաջին ՊՆ նախարար եղած ժամանակվանից՝ 1994թ. վերջից, և համարում եմ, որ դա շատ ճիշտ մոտեցում է: Եվ միայն ՊՆ-ում չէ: Անվտանգության խորհրդում ու Նախագահականում էլ բարելավվեցին շենքային պայմանները: Դա կառուցի բաղկացուցիչ մաս է: Հարցրե՛ք ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր աշխատում են 1995թ-ից, արդյո՞ք բարելավվել են իրենց աշխատանքային պայմանները…Եվ հիմա վերցնել, էսօրվա գներով 20 տարի առաջվա գները հաշվել,ինքներդ մտածեք՝ ինչ է»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց՝ հողերի վաճառքից ստացված ողջ միջոցները ծախսվել են Պաշտպանության նախարարության համալիրը կառուցելու համար:
Սերժ Սարգսյանը,պատասխանելով հարցին,նաև ասաց՝ ինքը տեղյակ չի եղել, որ այդ հատվածում Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին,հողատարածք է վաճառվել «Տոյոտա-Երևանի» համար:
«Տեղյակ չեմ եղել. վստահ եմ՝ դատաքննության ժամանակ այդ հարցերը ինձ տալու են, ուշադիր եղեք, որովհետև այդ ժամանակ այդ հողերը կարող էր ձեռք բերել յուրաքանչյուր մարդ, ով գումար ուներ ու կարող էր այդ հողերը ձեռք բերել: Թող գտնեն 2-4-5 իրական մարդ,ովքեր ուզել են այնտեղից հողեր ձեռք բերել ու իրենց մերժել են»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: