Հարավային Կովկասում ՌԴ-ի թողած դատարկությունը փորձում են լցնել ԱՄՆ-ն ու Թուրքիան․ Al Jazeera

Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից: Հայաստանը, որը պատմականորեն մեծապես կախված էր Մոսկվայի ռազմավարական և տնտեսական օգնությունից, վերակողմնորոշվել է դեպի Արևմուտք․ գրում է Al Jazeera-ն:

Հոդվածագիրը՝ Carnegie Europe-ի գիտաշխատող Դիմիտար Բեչևը, մատնանշել է, որ Մոսկվան խայտառակ կերպով ձախողել է իր դաշնակցին աջակցելու հարցում, երբ Ադրբեջանը 2022 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց:

Ներկայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր է կնքվում, քանի որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այդ հակամարտությունն ավարտված տեսնել՝ դրա վաստակն իրեն վերագրելու համար:

Հոդվածագիրը հիշեցրել է, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Ռուսաստանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այն նաև խորացրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը Ֆրանսիայի հետ:

Իր հերթին՝ Ադրբեջանը վերջին տարիներին երկու անգամ սրել է լարվածությունը Ռուսաստանի հետ՝ 2024 թվականին Կասպից ծովի վրայով ուղևորատար ինքնաթիռի կործանման և այս ամռանը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունների պատճառով։ Դրանք վերածվել են լուրջ ճգնաժամերի:

Ռուսաստանը նախկինում տարածաշրջանային ազդեցություն էր ստեղծում՝ լինելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտր: Այժմ այն ինչ-որ կերպ կարողացել է օտարացնել երկու երկրներին, մինչդեռ Թուրքիան և ԱՄՆ-ն միջամտել են՝ լրացնելու այդ դատարկությունը։

Հարավային Կովկասում միայն Վրաստանն է, կարծես, հակված դեպի Մոսկվա։ Սակայն դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և դրա ոչ պաշտոնական առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բախվել են ԵՄ-ի հետ։ Այնուամենայնիվ, Վրաստանը չի հրաժարվել ԵՄ-ից. այն պարզապես մերժել է նրա ժողովրդավարացման պահանջները, որոնք Թրամփի ազդեցության տակ, այնուամենայնիվ, կորցրել են իրենց արժեքը։ Ռուսաստանին լիովին կապվելու փոխարեն՝ Թբիլիսին փորձում է հավասարակշռություն պահպանել Եվրոպայի, ԱՄՆ-ի և, իհարկե, Չինաստանի միջև։

Տեսանյութեր

Լրահոս