Բաժիններ՝

Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները

Գազայի հատվածում պատերազմի ավարտին ուղղված ամերիկյան ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունները, որոնք սկսվել են հոկտեմբերի 6-ին Շարմ էլ Շեյխում, կշարունակվեն նաև հոկտեմբերի 7-ին։

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պաղեստինցի և եգիպտացի պաշտոնյաները լրատվամիջոցին հայտնել են, որ քննարկումների առանցքում «տեղում համապատասխան պայմանների» ստեղծումն է իսրայելցի բոլոր պատանդների և պաղեստինցի մի շարք բանտարկյալների փոխանակման համար։ 

Մինչ Եգիպտոսում հոկտեմբերի 6-ին ընթանում էին բանակցությունները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասաց, որ համաձայնության հասնելու «իսկապես լավ հնարավորություն կա», և որ դա կլինի տևական համաձայնագիր։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մասամբ համաձայն է խաղաղության ամերիկյան ծրագրի առաջարկների հետ, սակայն չի արձագանքել մի քանի հիմնական պահանջների, այդ թվում՝ իր զինաթափմանը և Գազայի կառավարման գործում ապագայում որևէ կերպ չմասնակցելուն։ 

Եգիպտոսի և Կատարի պաշտոնյաները կշարունակեն առանձին հանդիպումներն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունների հետ։ Բանակցություններին ներկա են նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին։

Հոկտեմբերի 7-ին լրանում է 2023 թվականին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի վրա հարձակման երկու տարին։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 1200 մարդ, 251 մարդ գերեվարվել էր։

Իսրայելական պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 67 160-ի։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս