
Սրա դեմը պետք է առնենք. թշնամու գործակալները լցված են մեր երկիր. Բակուր Կարապետյան

Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավոր բոլոր հարթակներն օգտագործել ու հայտարարել, թե «Արցախի հարցը փակված է, իսկ արցախահայերն Արցախ վերադառնալու որևէ հույս չպետք է ունենան և պետք է տնավորվեն Հայաստանում», տարբեր անհատներ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարբեր կառույցներում բարձրացնեն արցախահայերի հավաքական վերադարձի հարցը։
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր «Շուշի» հիմնադրամը, որի միջոցով կարողանում էր Արցախի պատմական հուշարձաններին, Արցախի խնդրին նվիրված տարբեր դասախոսություններ, ցուցադրություններ կազմակերպել արտերկրում, այսօր փոխել է հիմնադրամի անունը՝ «Շուշի բերդաքաղաք», և պատրաստվում է աշխատել այնպես, ինչպես նախկինում, քանի որ վերջին 5 տարիներին հասկացել է՝ ՀՀ իշխանությունն Արցախով երբեք չի զբաղվելու։
«Յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում պետք է աշխատենք, որովհետև այս իշխանությունը ո՛չ Արցախի, ո՛չ արցախահայերի համար ոչինչ չի անելու։ Ես՝ իմ հիմնադրամով, մյուսը՝ իր ունեցած կապերով, մյուսը՝ ի պաշտոնե, այսպես եթե միավորվենք ու աշխատենք, վստահ եմ՝ արդյունք ունենալու ենք։ Չպետք է նստենք ու մեր հույսը դնենք իշխանությունների վրա։
Ես իմ հիմնադրամի գրասենյակը կբացեմ, ու ակտիվ կսկսենք աշխատել բոլոր այն մարդկանց հետո, որոնց համար Արցախը կարևոր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բակուր Կարապետյանը։
Ըստ նրա՝ Արցախի ու արցախահայերի վերաբերյալ ծանր ու լուրջ աշխատանք պետք է տարվի, պետք է նաև աշխատանքներ տարվեն, որպեսզի Արցախի մշակութային ժառանգությունը, որն այսօր ոչնչացվում է Ադրբեջանի կողմից, դառնա նաև միջազգային հանրության խնդիրը։
«Պատկերացրեք, եթե անհատները միավորվեն, ինչ ուժ են դառնալու, այդ ուժի դեմ ոչ մի իշխանություն չի կարողանալու ընդվզել։
Այսօր խոսում են միայն 150 հազար բռնագաղթված արցախահայերի մասին, բայց տեսեք՝ ամբողջ աշխարհում քանի հազար արցախահայեր են սփռված՝ նվազագույնը կես միլիոն մարդ կա։ Նրանք ևս պետք է միավորվեն, որպեսզի ուժ դառնան, առանց միավորման որևէ բան չի ստացվելու: Արդյունքում կհաղթի ՀՀ օրվա իշխանությունը՝ իր դավադիր ծրագրերով։ Տեսեք՝ ինչ արեցին սրբազաններին, ուղղակի բանտարկեցին, հերթը հասնելու է նաև մյուսներին, բայց եթե միասնական լինենք, որևէ բան էլ չեն կարողանալու անել»,- հավելեց Բակուր Կարապետյանը։
Այս հարցում մեր զրուցակիցը շատ է կարևորում նաև մտավորականության դերը, որը չպետք է լռի ու կարողանա միավորել մարդկանց։
«Իհարկե, ես գիտեմ Նիկոլի մարդ տեսակը, գիտեմ՝ նա ինչ է անում, հետևաբար՝ այլևս նրան չեմ մեղադրում, մեղադրում եմ մեզ, որ մի կարգին ղեկավար չենք կարողանում ընտրել։ Մի ընդհանուր մտածելակերպ ունենք, որը պետք է փոխվի, որպեսզի ժողովուրդը տեր կանգնի իր հայրենիքին։ 1988 թվականին հաջողվեց միավորվել, որովհետև բավականին շատ աշխատանքներ էր տարվում, նույնը հիմա պետք է լինի: Չլիներ միավորումը՝ Արցախը չէր ազատագրվի։ Հիմա աշխատանք չի տարվում, դրա համար երկիրը մնացել է թշնամու ձեռքին, իսկապես մեր երկիրը թշնամու ձեռքում է, մարդիկ պետք է սկսած շրջաններից՝ աշխատեն։ Սրա դեմը պետք է առնենք, թշնամու գործակալները լցված են մեր երկիր»,- շեշտեց Բակուր Կարապետյանը։
Նա ընդգծեց՝ հավատում է, որ մեծ աշխատանքի արդյունքում Արցախը կվերադարձվի, եթե չհավատան ու չաշխատեն, ապա Արցախը հավետ կորած է։
Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«ԼՂ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չի համարում։ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանում։ Նրանց ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ։ Բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր՝ խաղաղության գործընթացի համար»։