Բաժիններ՝

Էրդողանը Գազայի շուրջ Թրամփի ծրագրին ՀԱՄԱՍ-ի արձագանքը կառուցողական քայլ է համարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով ծրագրին ՀԱՄԱՍ-ի դրական արձագանքը կառուցողական քայլ է անվանել և կոչ արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները։ Այս մասին Թուրքիայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայում հրադադարի հաստատման ծրագրին՝ կառուցողական և նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր բոլոր հարձակումները և հետևի հրադադարի ծրագրին»,-նշել է Էրդողանը։

Նրա դիտարկմամբ՝ անհապաղ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գազա մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։

«Այս ցեղասպանությունը, այս ամոթալի պատկերը, որը խորապես վիրավորել է համաշխարհային խիղճը, այժմ պետք է ավարտվի։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք մեր բոլոր միջոցներով պայքարել՝ ապահովելու համար, որ բանակցությունները հանգեցնեն պաղեստինյան ժողովրդի համար առավելագույնս օգտակար արդյունքի, և որ միջազգային հանրության կողմից աջակցվող լուծումը կյանքի կոչվի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս