
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիկարագուայի հետ

Ուկրաինան պաշտոնապես խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիկարագուայի Հանրապետության հետ, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
Ըստ Ուկրաինայի արտգործնախարարի՝ այդ որոշումն ընդունվել է ի պատասխան «Նիկարագուայի կողմից Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերի և Ղրիմի ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածքների նկատմամբ Ռուսաստանի այսպես կոչված «ինքնիշխանության» ճանաչման»։
«Մենք այդ որոշումը դիտարկում ենք որպես Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու միտումնավոր փորձ, Ուկրաինայի Սահմանադրության, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում»։
Քաղաքականապես համախմբվելով ագրեսոր պետության հետ, ձգտելով օրինականացնել ուկրաինական հողերի բռնի զավթումը և Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում այսպես կոչված «պատվավոր հյուպատոսություն» բացելով՝ Նիկարագուան դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցակիցը։
«Նիկարագուայի կողմից ռուսական օկուպացիայի «ճանաչումն» իրավաբանորեն առոչինչ է։ Այն չի հանգեցնում և երբեք չի հանգեցնի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։ Ուկրաինան կշարունակի վճռականորեն արձագանքել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի»,- նշել է Սիբիգան։