
Արարատ լեռը՝ որպես հայ ազգի և Հայոց պետականության խորհրդանիշ, ադրբեջանցի գրողների ստեղծագործություններում

Խորհրդային տարիներին հայ և ադրբեջանական գրական հարաբերությունները մի կողմից ձևավորվեցին կուսակցական և պետական գաղափարախոսության շրջանակում, մյուս կողմից՝ հարևան ժողովուրդների մշակութային երկխոսության խորհրդային պահանջմունքից։
Սոցիալիստական քաղաքականությունը խրախուսում էր հանրապետությունների միջև «մշակութային բարեկամությունը», և այդ համատեքստում հայ գրողները թարգմանվում էին ադրբեջաներեն, իսկ ադրբեջանցի գրողները՝ հայերեն։ Հայաստանում գործում էին պետական հրատարակչություններ, որոնք պարբերաբար տպագրում էին ադրբեջանցի հեղինակների գործերը:
Զուգահեռաբար Ադրբեջանում գործող հրատարակչություններն իրենց հերթին տպագրում էին հայ գրողների ստեղծագործությունները: Հատուկ նշանակություն ուներ գրական ամսագրերի դերը, որտեղ պարբերաբար տպագրվում էին թարգմանություններ։ Սակայն այս փոխհարաբերությունները միշտ չէ, որ հավասար էին։ Քաղաքական առումով առավելություն ուներ գաղափարախոսական գրականությունը՝ խորհրդային հայրենասիրության և բարեկամության թեմաներով ստեղծագործությունները։
Թարգմանության և հրատարակության ընտրությունը պայմանավորված էր ոչ այնքան գեղարվեստական արժանիքներով, որքան խորհրդային գաղափարախոսության պահանջներով։
Հենց այս համատեքստում էր, որ 1970 թվականին Ադրբեջանի պետական հրատարակչությունում հայերեն լեզվով տպագրվեց ադրբեջանցի գրողների ստեղծագործությունների ընտրանի: Գրքում ընդգրկված էին ադրբեջանցի ժամանակակից գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները:
Գիրքը հայերեն թարգմանել էր Սամվել Գրիգորյանը, իսկ տպաքանակը բաղկացած էր 4000 օրինակից:
«Ընտիր էջեր» գրքում ընդգրկված էին ադրբեջանցի հեղինակների ստեղծագործությունները, որոնք հիմնականում խորհրդային գաղափարախոսությունը կրող թեմաներով էին:
Հետաքրքրական է, որ գրքում ընդգրկված էին նաև ադրբեջանցի հեղինակների մի շարք ստեղծագործություններ Խորհրդային Հայաստանի մասին: Նմանատիպ գործերից էր, օրինակ, ադրբեջանցի ժողովրդական բանաստեղծ Սամեդ Վուրղունի «Դիլիջանի ձորը» բանաստեղծությունը:
Սամեդ Վուրղուն. «Դիլիջանի ձորը»
Նորի՛ց տեսա քեզ, Դիլիջանի ձո՛ր,
Իմ միտը քո հին օրերն են գալիս,
Կյանքը քարվանի ճանապարհ է մի,
Հները գնում, նորերն են գալիս:
Դրախտ է սա մի, երկինքը վկա,
Որտե՞ղ կա մի հող այսքա՜ն արևկա,
Հավատ կա այստեղ, անկեղծություն կա,
Իմաստուններն այս վայրերն են գալիս:
Գարնանը դու էլ, ոնց աշխարհն արար,
Կբացվես` զուգված ծաղկունքով առատ,
Սիրահար են քեզ Կազբեկ, Արարատ,
Ամպերն էլ քո զով այրերն են գալիս:
Նկատում ենք, որ այդ շրջանում խորհրդային «եղբայրության» գաղափարախոսությամբ գրված այս ստեղծագործությունում անգամ ադրբեջանցի հեղինակը հղում է կատարում և անդրադառնում է Արարատ լեռանը՝ որպես հայ ազգի ու Հայոց հազարամյա պետականության խորհրդանիշ: Հայոց լեռների բացառիկության ու խորհրդանշային թեման շարունակելով՝ ադրբեջանցի հեղինակներից Միրվարիդ Դիլբազին գրում է «Լեռներ Հայաստանի» բանաստեղծությունը, որում շարունակում է վերոնշյալ թեման.
Միրվարիդ Դիլբազի. «Լեռներ Հայաստանի»
Կմոռանա՞մ, արդյոք, ես ձեզ,
Լեռներ, լեռներ Հայաստանի,
Յայլաները ձեր բարձրաբերձ,
Անուշ ջուրը ձեր ոստանի:
Հայոց լեռների թեման շարունակելով՝ ադրբեջանցի հերթական բանաստեղծ Նիգյար Ռաֆիբեյլին բանաստեղծություն է ձոնում արդեն Արագած լեռանը:
Նիգյար Ռաֆիբեյլի. «Ալագյազ»
Երգում եմ քո գեղեցկությունն անսահման,
Դուրս եկ ճերմակ ամպի տակից, Ալագյազ,
Թող լանջերիդ բացվեն վարդեր, յասաման,
Հյուր եմ եկել քեզ սրտակից, Ալագյազ:
Գիրկն է բացել Հայաստանը հյուրընկալ`
Այգիներով, աղբյուրներով իր հստակ,
Բաբախում է սիրող մի սիրտ մայրական
Չքնաղագեղ Հայաստանի կրծքի տակ:
Ման եկա ես քո արևառ փեշերով,
Այցելեցի կապուտաչյա Սևանին,
Սիրտս լիքն է քրոջական ջերմ սիրով,
Պահպանիր դու, հսկիր հողդ գեղանի:
Այս բանաստեղծության արդեն երրորդ տանն ադրբեջանցի հեղինակը Հայոց լեռնային խորհրդանիշներից Արագած լեռանը կոչ է անում պահել ու պահպանել Հայոց հողը:
Այս գործերն ընդամենը մի քանի օրինակներ են խորհրդային շրջանի ադրբեջանցի գրողների ստեղծագործություններից, որտեղ խորհրդային գաղափարախոսությանը մեկտեղ՝ թշնամի երկրի գրողներն ընդունում են, որ հայ ազգի և Հայոց պետականության հազարամյակի խորհրդանիշներից են լեռները և հատկապես՝ Արարատը:
Զ. Շուշեցի