
Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան ՀԱՄԱՍ-ին հորդորում են ընդունել Գազայի շուրջ ԱՄՆ-ի պլանը. Axios

Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը հորդորոմ են ընդունել Գազայի հատվածում կարգավորման ամերիկյան պլանը: Այս մասին գրել է Axios լրատվական հարթակը։
Վկայակոչելով բանակցություններին ծանոթ իր աղբյուրները՝ լրատվակնը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած՝ Գազայի շուրջ հաշտության առաջարկների մանրամասնությունները Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին են ներկայացրել Կատարի վարչապետ – արտաքին գործերի նախարար Մոհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին և Եգիպտոսի Ընդհանուր հետախուզության վարչության պետ Հասան Ռաշադը։
Նրանք ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնվել ԱՄՆ պլանին:Հրապարակման մեջ ասված է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը խոստացել է «բարեխղճորեն ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկությունները»։
Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկացիներն ու իսրայելացիներն ակնկալում են, որ ՀԱՄԱՍ-ն ընդհանուր առմամբ հավանություն կտա պլանին, թեև՝ որոշ վերապահություններով։ Հոդվածում նշվում է, որ Կատարի վարչապետը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ասել է՝ չի կարողանա նրանց համար ավելի բարենպաստ պայմանների հասնել։