
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։
Այսպես՝
- Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի այդ, բարձր աճի տեմպեր են գրանցվում նաև շինարարության ոլորտում՝ ինչը ևս դրականորեն է նպաստում բարձր աճերի ձևավորմանը։ Այնուամենայնիվ, խոսքը ՏԱՑ-ի բարձր լինելու մասին է, մինչդեռ ՀՆԱ-ի իրական աճը, որը տնտեսական աճը բնութագրող հիմնական ցուցանիշն է, համաձայն հունվար-հունիս ամիսների տվյալների` շուրջ 1 տոկոսային կետով ավելի ցածր է։
- Արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ։ Արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո, օգոստոսին կրկին վատթարացել է՝ հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը կազմել է 48.8%։ Անկման այս մեծ չափերը հիմնականում պայմանավորված են վերաարտահանման ծավալների նվազմամբ, և դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2.5% (ըստ հունվար-հուլիս ամիսների տվյալների), ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն էականորեն նվազել է։
- Տնային տնտեսություններին տրվող վարկերի աճի տեմպը շարունակում է էականորեն գերազանցել նրանց եկամուտների աճին։ Վարկերի ընդհանուր ծավալի աճը առավելապես պայմանավորված է սպառողական և հիպոթեքային վարկերի աճերով՝ համապատասխանաբար 31.1% և 26.3%: Հատկանշական է, որ բնակչության եկամուտները (աշխատավարձերը, դրամական փոխանցումները, իրական ՀՆԱ-ն և այլն) չեն աճում համապատասխան չափով։ Այս առումով եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությամբ առաջանցիկ աճը ֆինանսական կայունության տեսանկյունից միջնաժամկետում կարող է ռիսկեր առաջացնել։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.